Սպանված կուրսանտի գործով ամբաստանյալը անակնկալ հայտարարություն է արել
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատաքննությունը:
Այսօրվա նիստի ժամանակ ամբաստանյալներից Վարազդատ Սաֆարյանը հայտարարել է , որ հրաժարավում է իր շահերի պաշտպաններ Հովհաննես Սարգսյանից եւ Ինգա Ավագյանից: Վարազդատ Սարգսյանը նշել է , որ իր պաշտպաններից հրաժարվելու որեւէ պատճառ չկա, ուղղակի ինքն է այդպես ցանկանում: Դատարանը որոշել է նիստը հետաձգել:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 17-ին:
Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում։