Մուկուչյանը՝ «Սասի», զիբիլիքսի և մանկավարժների գործերից
«Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն այսօր խորհրդարանում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից հետաքրքրվեց, թե ինչ քայլեր են ձեռնարկում հասարակության վստահությունն ընտրական համակարգի նկատմամբ բարձրացնելու համար: Պատգամավորը հիշատակեց հայտնի գործերը «Սասի», «զիբիլիքսի», մանկավարժների ձայնագրության, ու նկատեց, որ այս ամենից հետո ՀՀԿ-ը պիտի մրցապայքարից դուրս մնար, այսինքն՝ ԿԸՀ-ը պիտի չեղարկեր կուսակցության գրանցումը:
Նաև, ըստ նրա, խնդիր է այն, որ իշխանական կուսակցությունը քարոզարշավից դեռ մի քանի օր առաջ է սկսում փակցնել գովազդային վահանակները:
Տիգրան Մուկուչյանն ընդգծեց, որ ընտրական ամբողջ գործընթացը թափացիկ է եղել, ապա հիշեցրեց բարեփոխումները, Ընտրական նոր օրենսգիրքը, որոնք հանրության վստահությունը բարձրացնելու համար են նաև: Ապա նկատեց, որ իրենց հանձնաժողովը քննության է առել բոլոր բողոքներն ինչպես ընտրություններից առաջ՝ քարոզարշավի ժամանակահատվածում, այնպես էլ հետո:
Ընտրապայքարից որևէ կուսակցության դուրս թողնելու վերաբերյալ նա նախ չցանկացավ տարբերակել իշխանական, թե ոչ իշխանական կուսակցություն. «Այս ինստիտուտի հետ կապված՝ եթե նայենք, նույնիսկ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունները կան, որ այդ գործիքը ծայրահեղ գործիք է, դա չպիտի դառնա չարաշահման առարկա, որևէ թեկնածու դուրս չպիտի մնա գործընթացից այդ պատճառով»:
Վահանակների վերաբերյալ էլ ԿԸՀ նախագահը շեշտեց, որ բոլոր կուսակցություններն էլ օգտվում են այդ հնարավորությունից օրենքի սահմանված ժամկետներում: «Որևէ խախտում չի եղել»,-նկատեց նա:
Իսկ հայտնի փաստթղթերի մասին նա նկատեց, որ դրանք ԱԺ ընտրությունների ժամանակ չէին ի հայտ եկել:
««Սաս»-ի հետ կապված գործով իրավապահ մարմիններն էին զբաղվում: Դա արդեն ընտրություններից հետո էր, լավագույն ցանկության դեպքում էլ հանձնաժողովը դա չէր կարող քննության առարկա դարձնել:
Մանկավարժների հետ կապված մանրամասն լսվել են բոլոր ձայնագրությունները, որոշակի խախտումների վերաբերյալ հանձնաժողովն ինքն է դիմել իրավապահ մարմիններին, բայց բազմաթիվ ձայնագրություններ շատ հեռու էին այն եզրահանգումներից, որոնք կատարվում էին դրանց վերաբերյալ»,-արձանագրեց Մուկուչյանը: