Ալեքսանդր Արզումանյանը դեսպան կնշանակվի միանգամից 3 երկրում. Հրապարակ
Մեր տեղեկություններով՝ մոտ օրերս կհրապարակվի նախկին պատգամավոր, ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի՝ դեսպան նշանակվելու հրամանագիրը. ագրեմանն արդեն ստացվել է: Նա միանգամից 3 երկրում կկատարի ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պարտականությունները՝ Դանիա, Նորվեգիա, Իսլանդիա: Մեր հարցին ի պատասխան՝ Արզումանյանն ասաց. «Վերջին 5 տարիների ընթացքում բազմաթիվ նման բաներ ես թերթերից կարդացել եմ, տարբեր երկրներ՝ Ճապոնիա, այլ երկրներ: Հասկանում եք, Հայաստանում ձևավորվել է մի բան, որ մի թերթը գրում է, մյուսը մեկնաբանում է, երրորդը… կլինեն ինչ-որ նման զարգացումներ՝ հավանաբար, ես էլ, Դուք էլ կիմանանք այդ մասին»: Նա, թեև ժամանակին եղել է ՄԱԿ-ում, Հյուսիսային Ամերիկայում ՀՀ մշտական ներկայացուցիչ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան, 1996-1998 թթ.՝ ՀՀ արտգործնախարար, սակայն ժամանակին նաև «ցախավելների» հեղափոխություն էր անում՝ իշխանափոխության հասնելու համար, Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետն էր՝ ընտրությունների փուլում, ապա՝ 2007-ին, մեղադրվեց փողերի լվացման մեջ, հայտնվեց բանտում, իսկ ավելի ուշ «Ազատ դեմոկրատների» հետ մտավ «Ժառանգության» ցուցակ և հայտնվեց խորհրդարանում: Հիշեցնենք, որ Դանիայում և Նորվեգիայում ՀՀ դեսպանը գործարար Հրաչյա Աղաջանյանն էր, ով այդ պաշտոնին էր 2011-ից: Նրա օրոք է ՀՀ դեսպանությունը բացվել Կոպենհագենում: Նրա ընտանիքը կրթամշակութային ծրագիր է իրականացնում Սևանի ավազանում։
Առավել մանրամասը` թերթի այսօրվա համարում