Պետական գույքի կառավարման վարչության պետը զեկուցել է նախագահին
Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն այսօր զեկուցել է ոլորտում իրականացվող բարեփոխումների, ակնկալվող արդյունքների, ընթացիկ ծրագրերի և առկա խնդիրների լուծման հնարավորությունների մասին։
Արման Սահակյանը Նախագահին տեղեկացրել է Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրում ընդգրկված ընկերություններ նոր ներդրումների ներգրավման, ընկերությունների վերազինման և դրա շնորհիվ արդյունավետության բարձրացման հնարավորությունների, ինչպես նաև պետական գույքի կառավարման ոլորտում առկա այլ խնդիրների մասին: Հանրապետության Նախագահը կարևորել է մասնավորեցվող մասնագիտացած ընկերությունների պրոֆիլային ուղղվածության, աշխատակազմերի նկատմամբ սոցիալական պարտավորությունների պահպանման խնդիրները, ինչպես նաև պետական գույքի վաճառքի գործընթացում նոր, առավել արդյունավետ մեթոդների և գործիքների կիրառումը:
Այս համատեքստում ՊԳԿ վարչության պետ Սահակյանը զեկուցել է նաև պետական բաժնեմասով ընկերությունների գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերի, տարեկան կտրվածքով իրականացվող ֆինանսատնտեսական մոնիթորինգի ընդհանուր արդյունքների մասին: Հանրապետության Նախագահը կարևորել է այդ ընկերությունների կողմից գործարար ծրագրերի մշակման հստակ որակական չափորոշիչների ներդնումը ու դրանց իրականացման արդյունավետության գնահատումը՝ պետական կառավարման համապատասխան մարմինների հետ համատեղ աշխատանքի արդյունքում:
Այս կապակցությամբ նաև հանձնարարվել է կառավարությանը ֆինանսատնտեսական մոնիթորինգի արդյունքների համալիր վերլուծություն իրականացնել՝ ուսումնասիրելով առանձին առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի ցուցանիշներն ու դրանց գործունեության բարելավման ուղղությամբ ձեռնարկվող միջոցների համարժեքությունը: Հանձնարարվել է նաև արագացնել այդ կազմակերպությունների ծրագրային ցուցանիշների կատարման ընթացքի նկատմամբ հսկողության իրականացման և գործունեության թափանցիկության ապահովման, ինչպես նաև դրանց գործադիր մարմինների գործունեության գնահատման հստակ մեխանիզմների մշակումն ու ներդնումը:
Կառույցի ղեկավարն անդրադարձել է սոցիալական կարևոր նշանակություն ունեցող՝ հանրակացարանային տարածքների սեփականաշնորհման և նվիրատվության գործընթացներն ավարտին հասցնելու հարցին: Նախագահը հանձնարարել է այն պահել մշտական հսկողության տակ, պատշաճ ուշադրություն հատկացնել վարչարարության պարզեցմանը, ընթացակարգերի դյուրացմանը, բնակչության կողմից բարձրացվող մյուս հարցերին:
Արման Սահակյանը ներկայացրել է նաև պետական անշարժ գույքի օգտագործման ոլորտում մասնավորեցումից, օտարումից, վարձակալությունից գոյացող և պետական բյուջե վճարվող ֆինանսական մուտքերի դինամիկան ըստ տարիների, ինչպես նաև պետական սեփականություն համարվող անշարժ գույքի հաշվառման և գրանցամատյանի վարման ոլորտում իրականացվող աշխատանքները։ Հանրապետության Նախագահը հանձնարարել է ոլորտում էապես մեծացնել արդիական տեխնոլոգիաների կիրառումը, կատարելագործել հաշվառման էլեկտրոնային շտեմարանները:
Վարչության պետը Հանրապետության Նախագահին զեկուցել է նաև պայմանագրային պարտավորությունների վերահսկողության և ըստ այդմ՝ ընթացիկ արդյունքների մասին: Հանձնարարվել է արդարադատության նախարարության հետ համատեղ ուսումնասիրել սնանկության վարույթի շրջանակներում պետական սեփականություն հանդիսացող գույքի իրացման հետ կապված խնդիրները՝ պարտավորությունների բավարարման արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված համապատասխան իրավական կարգավորումներ մշակելով:
Հանրապետության Նախագահը հանձնարարել է ակտիվացնել աշխատանքները նախատեսված ծրագրերը սահմանված ժամկետում ավարտելու համար՝ ընդգծելով, որ դրանք կարևոր նշանակություն ունեն ինչպես պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացման, այնպես էլ ներդրումների խթանման միջոցով տնտեսության աշխուժացմանը նպաստելու առումով: