Ինչո՞ւ են արգելում տեսակցել Ժիրայր Սեֆիլյանին, Պավլիկ Մանուկյանին. պարզաբանում է Գլխավոր դատախազը
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հարցրեց, թե ինչու է արգելվում «Սասնա ծռերի» և հարակից գործերով կալանքի տակ գտնվող անձանց ընտանիքի անդամների տեսակցությունը:
Դատախազն ասաց՝ դա ինքնապատակ չէ և բխում է քրեական գործի համապատասխան փաստական հանգամանքներից: «Առանձին դեպքերում տեսակցությունների հնարավորության պայմաններում մեղադրայլը ապօրինի ներգործություն կարող է ունենալ վարույթի իրականացման վրա, և որևէ մեկի նկատմամբ, այդ թվում՝ ձեր թվարկած քրգործերով անձնական հաշվեհարդարի խնդիր չկա»,- հավելեց Ա. Դավթյանը:
Փաշինյանը նաև հետաքրքվեց, ինչու մերժվեց Անդրիաս Ղուկասյանի կալանքը չեղարկելու իրենց միջնորդությունը: Դատախազն էլ հակադարձեց, թե համապատասխան քրգործերով ձեռք բերված տվյալներն այնպիսին են, որ անձնական երաշխավորությունը կամ անազատության մեջ խափանման միջոցը հնարավորություն չի տալիս երաշխավորել նրա պատշաճ վարքագիծը: Նիկոլ Փաշինյանը նաև անդրադարձավ Արթուր Սարգսյանի գործին՝ նշելով, որ դատախազությունն անտեսեց իր ու Էդմոն Մարուքյանի հորդորը: «Մենք ձեզ ասում էինք ձեր աշխատասենյակու , որ այս ձեր պահվածքով իրավապահ համակարգը Արթուր Սարգսյանին մահվան է դատապարտում: Էդմոն Մարուքյանի հետ ձեզ անձամբ զգուշացրել ենք, ու կյանքը ցույց տվեց, որ ձեր տրամաբանությամբ՝ մեր ոչ փորձագիտական կարծիքը ճիշտ էր», – ասաց պատգամավորը:
Արթուր Դավթյանն ընդգծեց, որ դիտարկումը ճիշտ չէ: Նա հեվելեց, որ իր աշխատասենյակում տեղի ունեցած խոսակցությունից հետո Սարգսյանը տևական ժամանակ եղել է ազատության մեջ, տեղափոխվել է հիվանդանոց և վիրահատվել՝ ընդգծելով, որ քրգործով նշանակված դատաբժշկական հետաքննությունը հստակ պատասխան կտա Արթուր Սարգսյանի մահվան վերաբերյալ: