26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Գյուղնախարարը զեկուցեց

Ներկայացնում ենք գյուղնախարար Սերգո Կարապետյանի զեկույցը

Հարգելի գործընկերներ,

Տիկնայք և պարոնայք,

Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Հայագրոֆորում» համաժողովին Ձեր մասնակցության համար։

Համաժողովը կարևորվում է նրանով, որ այն նվիրված է գյուղատնտեսության աշխատողի օրվան:

Հարգելի բարեկամներ,

Հայաստանը, անկախության հռչակումից ի վեր, այս 22 տարիներին որդեգրել է շուկայական տնտեսության կայացման և տնտեսական բարեփոխումների ուղենիշ։ Խորհրդանշական է, որ այդ գործընթացը սկզբնավորվեց ագրարային բարեփոխումներով։ Հողի սեփականաշնորհումը, ագրոպարենային համալիրի բոլոր ոլորտների մասնավորեցումը և շուկայական հարաբերությունների արմատավորումը բարդ ու դժվարին գործընթաց էր։ Ուստի, ինչպես բոլոր նորանկախ երկրներում, Հայաստանում ևս անցումային ժամանակաշրջանն ուղեկցվեց որոշակի դժվարություններով, որը հետևանք էր մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառների:

Այսօր սկզբունքորեն նոր մոտեցումներ են ցուցաբերվում ագրարային ոլորտի զարգացմանը։ Ներկայումս իրականացվող ագրարային քաղաքականության ամենաբնորոշ առանձնահատկությունն ոլորտի ծրագրավորված զարգացումն է, որը իր մեջ ներառում է ինչպես գյուղատնտեսությունը, այնպես էլ գյուղը։

Վերջին տարիների միջին տվյալներով գյուղատնտեսությունում ձևավորվել է երկրի համախառն ներքին արդյունքի շուրջ 1/5 մասը, իսկ գյուղատնտեսական մթերքների վերամշակող արդյունաբերության հետ մեկտեղ համախառն ներքին արդյունքի մեջ մասնաբաժինը կազմում է շուրջ 25 %:

Վերջին երեք տարիներին  գյուղատնտեսության ոլորտում ապահովվել  է էական տնտեսական աճ:

Նշվածի հետ մեկտեղ ոլորտում առկա են բազմաթիվ խնդիրներ:

Մտահոգող է գյուղատնտեսական հողատեսքերի, հատկապես վարելահողերի նպատակային և արդյունավետ օգտագործման վիճակը:

Գյուղատնտեսական արտադրությունում արդյունավետ տնտեսավարմանը դեռևս լրջորեն խոչընդոտում են գյուղացիական տնտեսությունների փոքր չափերը: Ստեղծված իրավիճակում, չնայած որոշ դրական քայլերի, դանդաղ են ընթանում տնտեսությունների խոշորացման, կոոպերացման, գյուղացիական տնտեսությունների համատեղ գործունեության խթանման գործընթացները:

Խնդիրներ կան կապված գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության բարձրացման, սերմնաբուծության համակարգի բարելավման,  գյուղատնտեսական կենդանիների մթերատվության բարձրացման, տոհմային գործի կազմակերպման, մասնավորապես` արհեստական սերմնավորման գործընթացում արդյունավետ մեխանիզմների կիրառման և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման հետ:

Վերջին երեք տարիներին գյուղատնտեսության ոլորտի կարևոր ձեռք բերումներից էր գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների կրճատման բացասական երևույթի կասեցումը: Ընդհանուր առմամբ, գյուղատնտեսությունում տնտեսավարողների ջանքերով և ոլորտում իրականացված մի շարք պետական աջակցության ծրագրերի իրականացման արդյունքում` 2011-2013 թվականներին գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունները ավելացել են շուրջ 35.0 հազ. հա-ով: Վարելահողերի նպատակային օգտագործման մակարդակը 2013 թվականին կազմել է 71.0 %, 2010 թվականի 63.2 %-ի դիմաց: Վարելահողերի նպատակային օգտագործման մակարդակով հանրապետությունում առաջատար է ՀՀ Գեղարքունիքի մարզը, որտեղ 2013 թվականին այդ ցուցանիշը կազմել է 91.2 %, իսկ ամենացածր ցուցանիշ` 27.8 % առկա է Վայոց ձորի մարզում:

2013 թվականին ցանքատարածությունների  համեմատաբար բարձր աճ գրանցվեց ՀՀ Լոռու (15.2 %), Կոտայքի (12.1 %), Սյունիքի (11.2 %) մարզերում:

  Գրանցված դրական տեղաշարժերի հետ մեկտեղ նշված հիմնախնդիրը դեռևս գոյություն ունի և շահագրգիռ մարմինների համագործակցությամբ, իր առաջիկա հետևողական լուծումներն են պահանջում:

Ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսներին գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 467.1 մլրդ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 7.1 %-ով:

Հանրապետության գյուղատնտեսության առանձնահատկություններով և սեզոնայնությամբ պայմանավորված հունվար-օգոստոսին արտադրվում է համախառն արտադրանքի 50-55 տոկոսը, հետևաբար ոլորտի տնտեսական աճի համար կարևոր նշանակություն ունի նաև տարվա հետագա ամիսների արդյունքները:

Ընթացիկ տարում գյուղատնտեսության տնտեսական աճի վրա որոշակի բացասական ազդեցություն ունեցավ մայիսի 12-ին հանրապետության Արմավիրի և այլ մարզերում դիտված ուժեղ կարկտահարությունը:

 Կարկտահարության հետևանքների մեղմման ուղղությամբ իրականացված մի շարք հրատապ միջոցառումների, մասնավորապես տուժած տնտեսություններին կրկնացանքի համար անհատույց մատակարարված սերմացուների, մատչելի պայմաններով դիզելային վառելանյութի և պարարտանյութերի տրամադրման, վնասված բազմամյա տնկարկների և մշակաբույսերի վերականգնման ուղղությամբ իրականացված խորհրդատվության, ոռոգման ջրի վարձի, հողի հարկի զիջման, սոցիալական օժանդակության արդյունքում հնարավոր եղավ որոշակիորեն կրճատել կորուստների չափը:

Գյուղատնտեսությունում տնտեսական աճի հետ մեկտեղ արտահանման կառուցվածքում աճում է գյուղատնտեսական ծագման արտադրատեսակների տեսակարար կշիռը: Ազգային վիճակագրական ծառայության 2013թ. հունվար-օգոստոս ամիսների տվյալները վկայում են, որ հանրապետությունում արտահանման ընդհանուր ծավալները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել են 8.9 %-ով, սակայն գյուղատնտեսական ծագման արտադրատեսակների արտահանման ծավալների աճը նշված ժամանակահատվածում կազմել է գրեթե 35.0 %:

2013 թվականին գյուղատնտեսության ոլորտում իրականացվող քաղաքականությունն ուղղվել է ճյուղի ռեսուրսային ներուժի օգտագործման մակարդակի, ռեսուրսների մատչելիության բարձրացմանը, գյուղատնտեսական մթերքների իրացման խնդիրների լուծմանը, ոլորտում տնտեսավարողների համար բարենպաստ պայմանների ստեղծմանը: Հիշատակված ուղղությամբ հարկ եմ համարում հակիրճ անդրադառնալ ըստ ոլորտների իրականացված որոշ աշխատանքների:

Բուսաբուծության ոլորտ:

Բուսաբուծությունը հանրապետության գյուղատնտեսության առաջատար ճյուղն է: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի կառուցվածքում 61.0 %-ը բուսաբուծության մասնաբաժինն է:

Բուսաբուծության ճյուղի կայունությանն ու տնտեսավարողների համար բարենպաստ պայմանների ստեղծմանն է ուղղվել մի շարք պետական աջակցության ծրագրեր, որոնցից հիմնականները հետևյալն են:

«2013 թվականի գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման» ծրագրի շրջանակներում Ռուսաստանի Դաշնությունից ներմուծվել է գարնանացան գարու` 700, եգիպտացորենի` 9.5, առվույտի` 52.1 և կորնգանի 360 տոննա սերմացու և տեղական սերմարտադրողներից ձեռք բերված սերմացուների հետ միասին, մատչելի պայմաններով, հատկացվել է 6.3 հազ. շահառուի և ցանք է իրականացվել շուրջ 8.3 հազ. հա-ի վրա:

Ընթացիկ տարվա բերքի համար կարևոր նշանակություն ունեցավ « 2010-2014 թվականների ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման» ծրագիրը, որի շրջանակներում 2012 թվականին աշնանացանի իրականացման համար հանրապետություն էր ներկրվել աշնանացան ցորենի 640 տոննա էլիտային վերարտադրության սերմացու և ծրագրի պայմաններով շահառուներից հետ վերադարձված և գնված առաջին վերարտադրության աշնանացան ցորենի սերմացուն բաշխվել է գյուղատնտեսությունում տնտեսավարողներին: Ծրագրերի իրականացումը հնարավորություն ստեղծեց 2013 թվականի բերքի համար աշնանացանի տարածքները հանրապետությունում հասցնել ավելի քան 100.0 հազ. հա-ի, նախորդ տարվա 93.7 հազ. հա-ի դիմաց:

Ծրագիրը շարունակվել է նաև ընթացիկ տարում: Մասնավորապես 2013 թվականին աշնանացանի համար Ռուսաստանի Դաշնությունից ձեռք է բերվել 440 տոննա էլիտային վերարտադրության սերմացու, ինչպես նաև տեղական սերմարտադրողներից հետ վերադարձվող և գնվող էլիտային ու առաջին վերարտադրության 3809 տոննա աշնանացան ցորենի սերմացուների հաշվին բավարարվել է մարզերից ստացված հայտերի ամբողջ պահանջարկը:

Հացահատիկային մշակաբույսերի  սերմնաբուծության զարգացման համար կարևորվում է «Աշնանացան ցորենի սերմնաբուծության, բարձր վերարտադրության սերմերի արտադրության զարգացման ծրագիրը»: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է 2018 թվականին հանրապետությունում արտադրել 5500 տոննա էլիտային վերարտադրության սերմացու:

Նշված ծրագրերի և այլ միջոցառումների իրականացման արդյունքում կանխատեսվում է աշնանացանի ցանքատարածությունները 2013 թվականին հասցնել 104-105 հազ. հա-ի:

Աջակցություն պտղի և ընկուզենու արտադրությանը ծրագիրը ուղղված է հանրապետության պտղաբուծությունում ինտենսիվ տեխնոլոգիաների ներդրմանն: Ծրագիրն իրականացվում է ՀՀ Արագածոտնի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերում: Նախատեսվում է մինչև 2016 թվականի ավարտը հիմնել 306 հա կորիզավոր և ընկուզավոր ինտենսիվ, նոր տեխնոլոգիաներով մշակվող պտղատու այգիներ, որոնք ապահովված կլինեն կաթիլային ոռոգմամբ, իսկ կորիզավոր պտղատեսակներով հիմնված այգիները նաև կարկտապաշտպան ցանցերով:

Բուսաբուծության ճյուղում տնտեսավարողների ջանքերի, նշված և այլ ծրագրերի իրականացման և տարբեր միջոցառումների արդյունքում 2013 թվականին ակնկալվում է հետևյալ արդյունքները:

Ընդհանուր առմամբ, ըստ օպերատիվ տվյալների, հանրապետությունում հավաքվել է 542.1 հազ. տոնա հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի համախառն բերք, այդ թվում` 306.6 հազ. տոննա ցորենի: Հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերի արտադրության ծավալները գերազանցում է նախորդ տարվա մակարդակը  գրեթե 19.0 %-ով, այդ թվում ցորենինը ավելի քան` 26.0 %-ով:

Հանրապետությունում, օպերատիվ տվյալներով, ցորենի միջին բերքատվությունը կազմում է շուրջ 31 ց/հա, նախորդ տարվա 26.0 ց/հա-ի դիմաց:

Ցորենի ծավալների նման աճը հնարավորություն կտա ինքնաբավության մակարդակը 2013 թվականի համար նախորդ տարվա նկատմամբ ավելացնել 6-7 տոկոսային կետով:

Հացահատիկային և հատիկաընդեղեն  մշակաբույսերի արտադրության ծավալների և բերքատվության աճ են գրանցել հանրապետության բոլոր մարզերը, իսկ ցորենի արտադրության առումով առանձնանաում են ՀՀ, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի և Արագածոտնի մարզերը:

Ըստ կանխատեսումների  սպասվում է 663-665 հազ. տոննա կարտոֆիլի, 860-865 հազ. տոննա բանջարեղենի, 338-342 հազ. տոննա պտղի և հատապտղի համախառն բերք, որոնք էականորեն գերազանցում են նախորդ տարվա մակարդակը:

Կարտոֆիլի արտադրության ծավալների ավելացման առումով  առանձնանում են ՀՀ Գեղարքունիքի, Շիրակի, Լոռու մարզերը: Պտղի արտադրության ավելացման գործում առավել դրական տեղաշարժեր են գրանցվել  ՀՀ Արագածոտնի և Արարատի մարզերում:

Կանխատեսվում է 240-242 հազ. տոննա խաղողի համախառն բերք, այսինքն կպահպանվի նախորդ տարվա մակարդակը:

Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2013 թվականի հունվար-օգոստոս ամիսներին բուսաբուծության համախառն արտադրանքը գերազանցում է նախորդ տարվա մակարդակը 11.3 %-ով:

Անասնաբուծության ոլորտ:

Ճյուղը բացառիկ կարևոր նշանակություն ունի երկրի պարենային  ապահովության գործում:

Վերջին ժամանակահատվածում անասնագլխաքանակի աճի միտումները նախադրյալ հանդիսացան անասնաբուծական հիմնական մթերքների արտադրության ծավալների ավելացման համար:

  2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ, նախորդ տարվա նույն ժամանակի համեմատությամբ, տավարի գլխաքանակն ավելացել է  10.3, այդ թվում կովերինը` 7.0 %-ով, մանր եղջերավորների գլխաքանակի աճը կազմել է 14.3 %: Առավել մեծ աճ գրանցվել է խոզերի գլխաքանակի համար, որը կազմել է 34.2 %:

Անասնաբուծության խթանմանը նպաստել են վերջին տարիներին իրականացվող մի շարք պետական ծրագրերը: Մասնավորապես, «Տավարաբուծության զարգացման ծրագրի» շրջանակներում հանրապետություն է ներկրվել 1811 գլուխ տոհմային երինջ: 2013 թվականին ներկրվել է 479 գլուխ: Ներկրված կենդանիներից տարեկան ապահովվում է 5-6 հազար կգ միջին կաթնատվություն, իսկ առանձին կենդանիներից տարեկան ստացվում է ավելի քան 10 հազար կգ կաթ:

Զգալի առաջընթաց է նկատվում ոչխարաբուծության ոլորտում: Ոչխարների արտահանումը լուրջ խթան է ոլորտի զարգացման համար և այդ նպատակով նախարարությունը հետևողական աշխատանքներ է տանում ոչխարների արտահանման ծավալներն ավելացնելու և ոչխարների մորթի համար նախատեսված ժամանակակից սպանդանոցները շահագործելու ուղղությամբ:

Հանրապետությունում կայուն անասնահամաճարակային իրավիճակ ապահովմանն է ուղղվել «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագիրը, որը իրականացվում է մարդկանց և կենդանիների համար առավել վտանգավոր 11 հիվանդություններին դեմ:

Հանրապետությունում անասնաբուծության զարգացմանը, ինչպես նաև բնական կերահանդակների արդյունավետ օգտագործմանն է ուղղվել 2011  թվականի հուլիսից մեկնարկած «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագիրը: Ծրագիրն իրականացվում է հանրապետության 6 մարզերի (Արագածոտնի, Լոռու, Շիրակի, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի) համայնքներում: Նպատակն է աջակցել անասնապահական ուղղվածություն ունեցող բարձր լեռնային և սահմանամերձ համայնքներին` հեռագնա արոտների անցանելիության ապահովման, ջրարբիացման, դեգրադացված արոտների վերականգնման, ինչպես նաև կաթի ընդունման և վերամշակման կարողությունների ստեղծման միջոցով:

Հանրապետությունում անասնաբուժական սպասարկման որակի բարելավմանը կնպաստի նշված ծրագրի շրջանակներում հանրապետության 6 մարզերում  անասնաբուժական կենտրոնների ստեղծումը:

Անասնաբուծության առանձին ոլորտների ներդաշնակ զարգացման նպատակով նախարարությունը մշակել և կառավարության քննարկմանն է ներկայացրել«Գյուղատնտեսական կենդանիների արհեստական սրեմնավորման», «Տավարի մսի արտադրության ծավալների ավելացման», «Թռչնաբուծության զարգացման»ծրագրերի նախագծերը:

     Ըստ գնահատման 2013 թվականին մսի արտադրությունը, կենդանի զանգվածով, կկազմի 145.0 հազար տոննա, որը  նախորդ տարվա ցուցանիշը կգերազանցի շուրջ 11.0 %-ով, կաթի արտադրության սպասվող ծավալը գնահատվում է 670.0 հազար տոննա, որը կգերազանցի նախորդ տարվա ցուցանիշը 8.4 %-ով, իսկ ձվի արտադրությունը տարեկան կտրվածքով կանխատեսվում է 710.0 մլն. հատ, ապահովելով արտադրության ծավալների 10.8 % աճ:

Անասնապահական մթերքների  արտադրության ծավալների ավելացման  առումով առանձնանում են ՀՀ Գեղարքունիքի, Սյունիքի, Կոտայքի, Շիրակի մարզերը:

Հանրապետության համար  հեռանկարային է համարվում արդյունագործական ձկնաբուծությունը: 2012թ. ձկնաբուծական արտադրանքի արտադրության ծավալները կազմել են 8.9 հազ. տոննա, 2011թ. 6.8 հազ. տոնայի դիմաց: 2013թ. հունվար-օգոստոս ամիսներին հանրապետությունում արտադրվել է 6.1 հազ. տոննա ապրանքային ձուկ, նախորդ տարվա 4.1 հազ. տոնայի դիմաց: 2013թ. ակնկալվում է արտադրել շուրջ 11.0 հազ. տոննա ապրանքային ձուկ, որը նախորդ տարվա ցուցանիշը կգերազանցի շուրջ 25.0 %-ով:

Գյուղատնտեսական մթերքների վերամշակում և իրացում:

Գյուղատնտեսության զարգացման  համար առանձնակի կարևորվել է  գյուղատնտեսական մթերքներ վերամշակող արդյունաբերության զարգացումը և այս բնագավառում ծառացած խնդիրների լուծումը:

Ներկայումս գյուղատնտեսական  մթերքներ վերամշակող ոլորտին բաժին  է ընկնում արդյունաբերության համախառն արտադրանքի շուրջ 35.0 %-ը:

Հանրապետությունում գործում են վերագործարկված կամ նոր ստեղծված պահածոների` շուրջ 35, գինեգործական` 45, կաթնամթերքի` շուրջ 70, մսամթերքի 70 ընկերություն:

           2013 թվականին ընդլայնվել են գյուղատնտեսական հումք արտադրողների և վերամշակողների միջև պայմանագրային հարաբերությունները: Մինչև մթերումների սկիզբը գյուղացիական տնտեսությունների և վերամշակող ընկերությունների միջև կնքվել է 9.3 հազ. պտուղ բանջարեղենի և խաղողի գնման պայմանագիր: Կնքված պայմանագրերի քանակը գրեթե 35 %-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Պայմանագրերի շրջանակներում գյուղացիական տնտեսություններին տրամադրվել է 78.0 մլն. դրամ կանխավճար և 250.5 մլն. դրամի բուժանյութեր և այլ օժանդակություն:

Ընթացիկ տարում մթերումների  գործընթացը ընթանում է սահուն: 2013թ. հոկտեմբերի 18-ի դրությամբ հանրապետության պտուղբանջարեղեն վերամշակող ընկերությունների կողմից մթերվել է 47.3 հազ. տոննա պտուղբանջարեղեն, որից՝ 25.6 հազ. տոննա բանջարեղեն և 21.7 հազ. տոննա պտուղ, այդ թվում՝ 13.1 հազ. տոննա ծիրան: Ծիրանի մթերումների ծավալները գերազանցել են նախորդ տարվա մակարդակը 47.5 %-ով:

Նշված ժամանակահատվածում մթերվել է 162.4 հազ. տոննա խաղող, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 155.4 հազ. տոննայի դիմաց:

Մթերումների կազմակերպման գործընթացում առավել ակտիվ են «Եվրոթերմ» ՓԲԸ-ն, «Արարատ սննդի կոմբինատ» ՍՊԸ-ն, «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ն, «Երևանի Արարատ կոնյակի, գինու, օղու կոմբինատ» ԲԲԸ-ն, «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ն և այլն:

Վերջին երկու տարիներին  էական դրական տեղաշարժեր են գրանցվել գյուղատնտեսական հումքի մթերումների դիմաց վճարումների գործընթացում: 2012 թ. մթերված հումքի համար վճարումները ամբողջությամբ կատարվել են մինչև տարեվերջ: Ընթացիկ տարում ակնկալվում է մթերումների դիմաց վճարումներն առավել կարճ ժամկետներում` մինչև դեկտեմբեր ամիս իրականացում:

2013 թվականի հոկեմբերի 18-ի դրությամբ հանրապետությունից արտահանվել է 44.2 հազ. տոննա պտուղբանջարեղեն, խաղող և կարտոֆիլ, որից` 23.3 հազ.տոննա ծիրան, 8.1 հազ. տոննա կարտոֆիլ: Ընդհանուր առմամաբ, ընթացիկ տարում արտահանված բուսաբուծական մթերքների ծավալները գերազանցում են 2012թ. նույն ժամանակահատվածի մակարդակը 80 %-ով:

Գյուղացիական տնտեսությունների կողմից արտադրված մթերքների իրացման նպատակով մթերումների գործընթացին զուգահեռ աշխատանքներ են իրականացվել նաև դրանց վաճառքի աջակցության ուղղությամբ:

2013 թվականի հունիսի 8-ից «Մալիբու» սրճարանի հարևանությամբ, իսկ օգոստոսի 4-ից Կասյան փողոցի վերին հատվածում վերսկսվել են յուրաքանչյուր շաբաթ և կիրակի գործող գյուղատնտեսական մթերքների տոնավաճառները:

Ընթացիկ տարում գյուղատնտեսության  կայունության համար կարևորվել են  գյուղատնտեսության ոլորտում տնտեսավարողներին աջակցության ծրագրերը:

 «Հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական պարարտանյութի և դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության»ծրագրերը իրականացվում են սկսած 2011թ.-ից: 2013 թվականին ծրագրերի շրջանակում գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար, համայնքներում, հողօգտագործողներին է հատկացվել է 30.4 հազ. տոննա ազոտական պարարտանյութ 1 պարկը 6.0 հազ. դրամով և 12.1 մլն լիտր դիզելային վառելանյութ 1 լիտրը 350 դրամ արժեքով:

Ծրագրերը, նույն պայմաններով, շարունակվելու է նաև ընթացիկ տարվա աշնանը: Նախատեսվում է ՀՀ մարզերին հատկացնել 8.2 հազ. տոննա ազոտական պարարտանյութ և 6.6 մլն լիտր դիզելային վառելանյութ:

2011 թվականից սկսած  զգալի աշխատանքներ են տարվել  գյուղատնտեսական գործունեություն իրականացնող տնտեսավարողներին մատչելի պայմաններով վարկերի տրամադրման ուղղությամբ: ՀՀ կառավարության կողմից հաստատված «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման կարգին» համապատասխան՝ գյուղատնտեսության ոլորտին տրամադրվել են մատչելի տոկոսադրույքով (14 %-ով) վարկեր, որոնց 4 տոկոսային կետը սուբսիդավորվել է, իսկ հանրապետության առավել կարիքավոր 225 համայնքների համար սուբսիդավորվել է վարկերի տոկոսադրույքի 6 տոկոսային կետը։

2011 թվականի ապրիլի  սկզբից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածում գյուղատնտեսությունում տնտեսավարողներին տրամադրվել է 49.4 մլրդ դրամի 57.9 հազ. միավոր վարկ: Ընդհանուր առմամբ, վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման գումարը կազմել է 1.4 մլրդ դրամ:

2011-2012 թվականերին, ինչպես  նաև ընթացիկ տարում գյուղատնտեսության ոլորտում դրական տեղաշարժերն արդյունք են նաև մատչելի վարկային ներդրումների։

Ընթացիկ տարում շարունակվել  են գյուղատնտեսական կոոպերացիայի խթանման միջոցառումների իրականացումը:

Մշակվել է «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական կոոպերացիայի զարգացման հայեցակարգի» նախագիծը, որով հստակեցվել են գյուղատնտեսությունում կոոպերացիայի խթանման քաղաքականության հիմնական ուղղությունները։

Նախարարության խորհրդատվական  համակարգի միջոցով աջակցություն է ցուցաբերվել գյուղատնտեսական գործունեություն իրականացնող կոոպերատիվների ձևավորմանը։

«Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» վարկային ծրագրի շրջանակներում հանրապետության 6 մարզերում ստեղծվել են 67 արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվներ։

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը մշտապես աշխատանքներ է իրականացնում արտասահմանյան երկրների և միջազգային տնտեսական կազմակերպությունների հետ բազմակողմանի կապերի հաստատման, դրանց ամրապնդման և փոխշահավետ համագործակցության ապահովման ուղղությամբ, որի ընթացքում իրականացվում են տնտեսության ագրարային հատվածի զարգացմանը նպաստող տարբեր ծրագրեր:

Վերջին երկու տարիների ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն արտասահմանյան երկրների համապատասխան նախարարությունների հետ կնքել է գյուղատնտեսության բնագավառում համագործակցության 10 համաձայնագիր:

Ձեր ուշադրությանը ներկայացվեց  գյուղատնտեսության ոլորտում իրականացվող աշխատանքների մի մասը: Իրականում նախարարության գործունեության շրջանակները առավել լայն են և տեղին եմ համարում նշել, որ նախարարության առջև ծառացած խնդիրների լուծման և գործառույթների իրականացման գործում իրենց աջակցությունն են ցուցաբերում վաստակաշատ և ոլորտում բազմափորձ անձնավորություններ Վլադիմիր Մովսիսյանը, Յուրի Ջավադյանը, Խոսրով Հարությունյանը և այլ երախտավորներ:

Գյուղատնտեսության նախարարությանն իրենց մշտական աջակցությունն են ցուցաբերել հանրապետության գյուղատնտեսությունում ընդլայնված գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունները, դրանցից հարկ եմ համարում առանձնացնել Ֆերմերների ազգային միավորումը, նախագահ` Ռոզա Ծառուկյան և Գյուղատնտեսական ասոցիացիաների ֆեդերացիա իրավաբանական անձան միությունը, նախագահ` Վարդան Համբարձույան:

 Նախարարությունն իրեն գործունեության շրջանակներում համագործակցում է գյուղատնտեսության ոլորտի հետ առնչվող այլ կազմակերպություններ:

Նախարարությունը արդյունավետ  համագործակցություն է ապահովում  Հայաստանի ազգային ագրարային  համալսարանի հետ:

2013 թվականի սեպտեմբերի 25-ին գյուղատնտեսության նախարարության և Գյուղատնտեսական Դաշինքի միջև ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է ապահովել համագործակցության շրջանակ և օժանդակել կողմերի միջև գործակցության սերտացմանն ի նպաստ Հայաստանի գյուղատնտեսության կայուն զարգացման: Գյուղատնտեսական դաշինքը ընդգրկում է 15 տեղական, ազգային և միջազգային կազմակերպություններ, որոնք միավորել են իրենց ջանքերն ու փորձը Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրների լուծմանն աջակցելու նպատակով:

Ընդհանրացնելով հարկ եմ համարում նշել, որ գյուղատնտեսության ոլորտում իրականացված աշխատանքների հետ մեկտեղ առավել շատ են խնդիրները: Մասնավորապես, առաջիկայում ագրարային ոլորտում քաղաքականությունն ուղղվելու է հետևյալ խնդիրների լուծմանը.

  • Առանձնակի կարևորվելու է գյուղատնտեսության հիմնական ռեսուրսների, մասնավորապես հողային ռեսուրսների, նպատակային և արդյունավետ օգտագործումը,ցանքաքատարածությունների ավելացումը:
  • Առաջնահերթ խնդիր է մնում երկրի պարենային անվտանգության մակարդակի բարձրացումը:
  • Առաջիկա խնդիրների մեջ առանձնանում է տնտեսավարման ձևերի կատարելագործումը, մասնավորապես գյուղատնտեսությունում կոոպերացիայի, տնտեսավարողներիհամատեղ գործունեությունը խթանելու մեխանիզմների ներդրման միջոցով՝ արտադրության արդյունավետության բարձրացումը:
  • Առաջնահերթ խնդիրներից է լինելու գյուղատնտեսական մշակաբույսերի, հատկապես հացահատիկային և կերային մշակաբույսերի սերմնաբուծության համակարգիզարգացումը, վերջինիս արդյունքում՝ բարձրորակ սերմերով հանրապետության ապահովվածության մակարդակի բարձրացումը:
  • Գյուղատնտեսության ռեսուրսային ներուժի օգտագործման, բուսաբուծական մթերքների գների սեզոնային տատանումների մեղմման, բուսաբուծական մթերքներիներմուծման փոխարինման առումով առաջիկայում մեծ ուշադրություն կդարձվի ժամանակակից ջերմոցային տնտեսությունների խթանման միջոցառումներին:
  • Առաջնահերթ է համարվում անասնաբուծության տոհմային գործի կազմակերպումը, մասնավորապես, գյուղատնտեսական կենդանիների տոհմային և մթերատուհատկանիշների բարելավումը, արհեստական սերմնավորման գործընթացում արդյունավետ մեխանիզմների և տեխնոլոգիաների ներդրումը, ինչպես նաև անասնաբուժականհամակարգի կատարելագործումը:
  • Կարևորվում է նաև գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի աստիճանական ներդրման համար նախադրյալների ստեղծումը և քայլերիձեռնարկումը:
  • Բնական աղետների, մասնավորապես կարկտահարության վնասների բացառման համար հրատապ է համարվում կարկտապաշտպան ցանցաշերտերի կիրառմանտեխնոլոգիաների ներդրումը:
  • Ջրապահովվածության մակարդակի բարձրացման, ոռոգման ջրի խնայողության համար անհրաժեշտ է ներտնտեսային ցանցերում կաթիլային ոռոգման տեխնոլոգիաներիներդրումը,
  • Երկրի պարենային հաշվեկշռի բարելավման, սպառողների առողջության պահպանման, բուսաբուծական և անասնապահական ծագման արտադրատեսակներիմրցունակության բարձրացման առումով շարունակվելու է սննդամթերքի անվտանգության համակարգի բարելավումը, մասնավորապես օրենսդրական հիմքերիկատարելագործումը, տեխնիկական բազայի ամրապնդումը և կադրերի ուսուցումը:
  • Առաջնահերթ են նաև գյուղատնտեսության մեքենայական հավաքակազմի համալրման խնդիրները, որոնց լուծմանը կուղղվեն գյուղատնտեսությունը տեխնիկականմիջոցներով ապահովելու տարբեր մատչելի մեխանիզմներ:

Եզրափակելով հարկ եմ համարում նշել, որ իրականությունն այն է, որ մեր երկրի գյուղատնտեսությունը զարգացման միտումներն ապահովում է հայ գյուղացու ջանքերի, աշխատասիրության, տնտեսավարման մասնավոր ձևի առավելությունների և հանրապետության կառավարության աջակցության շնորհիվ։

Առիթն օգտագործելով՝ շնորհավորում եմ գյուղատնտեսության աշխատողի օրը և ցանկանում քաջառողջություն, խաղաղ երկինք, առատ բերք ու մեր երկիրը հզոր ու բարեկեցիկ տեսնելու իղձերի իրականացում: 

Շնորհակալություն:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ