«Սասնա ծռեր»-ը ըմբոստացան. նիստը հետաձգվեց
Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հուլիսի 6-ին սկսվեց ամբաստանյալների ինքնության ճանաչման փուլը:
«Սասնա Ծռեր» խմբի 18 անդամների գործով դատական նիստին ամբաստանյալները դատարանի խցից մեկ առ մեկ բերվում են նիստերի դահլիճ, ճշտվում է նրանց ինքնությունը, պաշտպաններ են ներգրավվում եւ կրկին հեռացվում են:
Ամբաստանյալներից Տիգրան Սարգսյանի շահերի պաշտպան ներգրավվեց Գրիշա Բալասանյանը, Վարդգես Գեւորգյանի պաշտպան` Կարեն Մեժլումյանը, Հովհաննես Վարդանյանի պաշտպան` Անուշ Մխիթարյանը, Մանվել Աթոյանի պաշտպան` Արա Ղարագյոզյանը, Հովհաննես Հարությունյանի` Հայարփի Սարգսյանը:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 14-ին:
Հիշեցնենք, որ այսօրվա նիստին 18 ամբաստանյալներից մասնակցում էին միայն 3-ը` դատավոր Արտուշ Գաբրիելյանը նախորդ նիստին վեց ժամով հեռացրել էր «Սասնա Ծռեր» խմբի 18 անդամներից 15-ին. նրանց նկատմամբ դատական սանկցիա էր կիրառվել ոտքի չկանգնելու համար: Դատարանը սանկցիա չէր կիրառել միայն Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի եւ Արամ Մանուկյանի նկատմամբ` նշելով, որ նրանք առողջական խնդիրներ ունեն եւ կանգնել չեն կարող: Սակայն, ավելի ուշ Հովհաննես Հարությունյանը, Թաթուլ Թամրազյանն ու Արամ Մանուկյանը եւս լքեցին նիստերի դահլիճը` նշելով, որ չեն ցանկանում մասնակցել նիստին առանց իրենց ընկերների: