ԱԺ-ն սիրահարների այգի չի, որ գանք, սեր խոստովանենք, համբուրվենք
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի գլխում բյուջեի քննարկումը խառնաշփոթ է առաջացրել: «Այսօր այնքան թվեր լսեցինք, որ մի ամբողջ տասնամյակ դպրոցական տարիներին չէինք լսել», -բյուջեի կատարողականի վերաբերյալ ելույթն այսպես սկսեց պատգամավորը:
«Ինչքան կարելի է խոսել թվերից, եկեք, դուրս գանք կյանք: Ես մասնագիտությամբ իրավաբան եմ, և իմ կարծիքով՝ բյուջեն պետք է արտացոլի Սահմանադրության առաջին հոդվածի հաշվապահությունը:
Եկեք, դուրս գանք, մարդկանց աչքերին նայենք, տեսնենք՝ բյուջեն կատարված է, թե ոչ: Հիմա կմտածեն, թե փորացավ ունեմ հոծ բազմություն տեսնելու, բայց բյուջեի կատարողականի լրջությունը կապված է նաև նրա հետ, թե Կառավարության քանի անդամ է մասնակցում, սա այն հարցը չէ, որ կառավարությունը մեկ երրորդով մասնակցի: Գուցե ես հիմա հարց ունեմ ոլորտային, ո՞ւմ պետք է հղեմ, ումի՞ց ստանամ պատասխան: Ավելի լուրջ պետք է վերաբերել այս հարցին»: Պատգամավորը նաև նշեց, որ բյուջեի մասին հստակ խոսում են այն իրավիճակները, որոնցում մարդիկ հայտնվում են:
«Ի՞նչ բյուջեի կատարման մասին է խոսքը: Եկեք, թվեր հռչակենք, գանք, ինքնախաբեությամբ զբաղվենք: Ասենք`բյուջեն կատարել ենք, ծափահարենք, գնանք: Ես չէ, որ պիտի ասեմ, բայց ԱԺ-ն սիրահարների այգի չի, որ գանք, սեր խոստովանենք, համբուրվենք, քչփչանք իրար ականջի և հաջորդ տեսությունը կայացնելու համաձայնությամբ հեռանանք իրարից: Այո, պետք է քննադատենք այնքան, մինչև քննադատությունը տեղ հասնի», – ասաց Պետրոսյանը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն էլ ելույթում արձագանքեց այն մեղադրանքին, թե Կառավարության անդամները տեղում չեն՝ լսելու պատգամավորներին: Նախարարը հիշեցրեց՝ նախորդ 2 շաբաթների ընթացքում, երբ մշտական հանձնաժողովներում ներկայացվում էր բյուջեի կատարողականը, յուրաքանչյուր ոլորտի նախարարը կամ գերատեսչությունների ղեկավարներ, փոխնախարարներ ներկա են գտնվել, պատասխանել բոլոր հարցերին: