Էլ ինչո՞ւ եք դուք եկել. Մարուքյանը՝ Կառավարությանը
Ազգային ժողովում քննարկվում է 2016 թվականի պետական բյուջեի կատարողականը: «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, դիմելով Ֆինանսների նախարար Վարդան Արամյանին, ասաց. «Դուք ասում եք՝ բացասական զարգացումներ են եղել՝ Ռուսաստան, ԵԱՏՄ, սանկցիաներ: Այնպիսի տպավորություն է, որ բոլորը մեղավոր են այս վիճակի համար բացի ՀՀ իշխանություններից»: Ապա պատգամավորը հետաքրքրվեց՝ կա՞ ինչ-որ հաջողության պատմություն, որ արձանագրել է այս Կառավարությունը: «Մի բան ասեք, որ ասենք՝ կարողացել եք փոխել: Այս Կառավարությունը ստանձնել է նախորդի բյուջեն, մեզ համար տարբերություն չկա, իշխանությունը նույնն է, ինչ-որ բան փոխե՞լ եք, եթե ոչ, էլ ինչո՞ւ եք դուք եկել»:
Ֆիննախը պատասխանեց՝ պետք է իրատես լինել: «Հնարավոր չի, որ տրանսֆերտների անկում լինի, ու քո վրա չազդի, մենք խոսում ենք ճիշտ արձագանքի մասին, որը հակացիկլիկ քաղաքականությունն է:
Որևէ բան հենց այնպես չի լինում, 2016 թվականին մենք ծրագրվածից ավել կապիտալ ծախսեր ենք արել, որ ավելի հզորացնենք 2017-ի տնտեսական հիմքերը»:
Նախարարը հավելեց, որ տանում են նրան, որ հակաբյուջետային քաղաքականությունը լինի կանոններով, որ անկախ նրանից, թե ով կլինի նախարարը, ամենը լինի կանոններով: «Այնպես ենք նախաձեռնել, որ սեփական եկամուտներն ավելի բարձր լինեն, քան ընթացիկ ծախսերը»:
Էդմոն Մարուքյանն արձագանքեց, թե հենց դա էր հարցնում՝ ինչ են փոխել: «Շատ վատ ժամանակահատված է՝ խնդիրները լուծելու համար, իշխանափոխություն պիտի լիներ, որ այս հարցերը լուծվեին, այդ իրավիճակի մեջ դուք չեք կարող երկիրը փոխել»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Վարդան Արամյանն էլ շարունակեց ընդգծեց, թե ինչ ուղղություններ են փոխել բյուջեի կառավարման առումով, կրկին հիշեցրեց հակացիկլիկ քաղաքականության մասին, ապա հավելեց, որ ՀՀ-ից չի կախված այլ երկրների վրա ազդող տնտեսական անցումները: «Մենք չէինք կարող ազդել Ռուսաստանի տնտեսության վրա»:
Նա ընդգծեց՝ ընթացիկ ծախսերի ավելի զուսպ վարքագիծ են որդեգրել: