Րաֆֆի Հովհաննիսյանը խաբեց նաև Օհանյանին և մյուսներին. Հայրիկյան
«Քնից զարթնե՞ց Հովհաննիսյանը»,-այսպես արձագանքեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկներին միավորվելու շուրջ: «Միավորվելու ամենալավ հնարավորությունն ընտրություններն էին: Մենք ասել էիք, որ եթե կլինի համախմբման մեծ ճակատ, որին բոլորը կմասնակցեն, ապա մենք էլ կմասնակցենք: Բոլորդ եք վկա, որ մենք մինչև վերջին օրը քայլ ենք արել այդ ուղղությամբ: Ինքը խաբեց մարդկանց, ինքը խաբեց նաև Օհանյանին և մյուսներին, թեպետ պառլամենտ էլ չմտավ: Բայց ինձ համար նաև միայն անցողիկ ձայն հավաքելն էլ պարտություն էր»,- ասաց նա:
Պարույր Հայրիկյանի գնահատմամբ՝ Րաֆֆի Հովհաննիսյանին ցանկացած ժողովրդավարական երկրում չէին ընդունի, անգամ փողոց դուրս գալ չէին թողնի:
«Ժողովրդի հետ ակցիա անելուց հետո նա գնաց իշխանությունների հետ հանդիպման: Նրան Սերժ Սարգսյանը հարցրեց ՝ խոսենք առանձին, թե՞ լրագրողների ներկայությամբ, նա պատասխանեց՝ առանձին: Ցանկացած ժողովրդավար երկրում նման մարդն անգամ փողոց դուրս գալու իրավունք չէր ունենա: Ես Պուտինից հաղթանակ բերող մարդու հետ չեմ համագործակցի: Որպես անձ, հնարավոր է, կարող նաև խնամիներ դառնանք՝ ինքն էլ երեխաներ ունի, ես էլ, բայց քաղաքական առումով, ինչպես գերմանացիք են ասում՝ «նիխտ»,- ընդգծեց Հայրիկյանը:
Հարցին՝ առհասարակ բացառո՞ւմ է նրան հետ համագործակցությունը, ԱԻՄ առաջնորդը պատասխանեց. «Չկա այդ մարդը, գոյություն չունի, նման քաղաքական գործիչ չկա»:
Ապա անդրադառնալով օրվա խորհրդին` նա նշեց, թե Սահմանադրության օրը մեծագույն տոներից մեկն է համարում: «Առաջին Սահմանադրությունը գրվեց օրվա նախագահի համար, 2-րդ Սահմանադրությունն ընդունվեց մեր պահանջով՝ թուլացվեցին նախագահի լիազորությունները: Նոր Սահմանադրությունով ժողովուրդը զրկվեց քաղաքական դերակատարությունից: Որքան էլ որ կեղծ արժեքներ են մատուցվում, միևնույն է՝ մարդ տեսնում է, որ առաջ կարող էր նախագահ ընտրել, հիմա դա էլ չի կարող: Ժողովուրդը զրկվել է քաղաքական կյանքում մասնակցություն ունենալուց, իսկ քաղաքական իրավունքը առաջնային իրավունքներից է»,- ասաց Հայրիկյանը:
Անկախ ամեն ինչից, Հայրիկյանը ուրախությամբ է նշում Սահմանադրության օրը, քանի որ, ըստ նրա, եղել են ժամանակներ, որ նույնիսկ վատ սահմանադրությունը իր դերը կատարել է: Նա երկրի կարևորագույն հենասյուներից մեկը համարում է հենց Սահմանադրությունը։