Ապրում ենք նույն աղբի, դեմագոգիայի, ողորմելիության մեջ
՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանը Facebook-յան իր էջում գրել է.
՛՛Տարիներ առաջ ավելի համբերատար էի: Հավանաբար, մարդու համբերատարությունը ուղիղ համամետական կախվածության մեջ է նրա լավատեսության, ասել է թե` երիտասարդության հետ: 40-ին մոտենալով ավելի անհամբեր եմ դարձել, ավելի շատ եմ շտապում: Առաջ մտածում էի, որ շուտով լավ երկիր կունենանք, ապա սկսեցի մտածել, որ դա այդքան էլ շուտով չի լինի: Հիմա վախենում եմ, թե 40-ից անց կմտածեմ, որ դա ես եւ շատերը չենք տեսնի:
Որովհետեւ ապրում ենք նույն աղբի, դեմագոգայի, ողորմելիության մեջ: Ապրում ենք մի հասարակության մեջ, որտեղ շնանալը կոծկվում է տղամարդկության անվան տակ /չշփոթել սեքսի հետ/, որտեղ քրիստոնեությունը ոչ թե բովանադակություն է, այլ ձեւ, իրականությունն ու փաստերը կեղծելը, հարմարացնելը կամ շրջանցելը` հայկական ճկունություն, զոռբայությունը` ուժ, ոհմակային պահվածքը` ճշմարիտ վարքագիծ, սանձարձակությունը` անձնական անձեռնմխելիություն, մարդկանց կեղտոտ անցյալի մոռացությունը, այն շրջանցելը կամ արդարացնելը` նորմա, կռուտիտն ու ատկազը` շուստրիություն, եւ այսպես շարունակ: Այսպիսի հասարակության մեջ փոփոխություն, այն էլ` արագ, չես կարող սպասել՛՛: