«Մեզանից յուրաքանչյուրն անարգեց, անպատվեց, արհամարհեց, անտեսեց ու արժեզրկեց մեր երկրի մայր օրենքը…»
«Այսօր սահմանադրության օրն է, պետական տոն, որ նշվում է 1995 թվականից:
Այս տարիների ընթացքում մեր երկրի սահմանադրությունը երկու անգամ ենթարկվել է փոփոխությունների՝ 2005 և 2015 թվականներին:
Ի դեպ, վերջին փոփոխություններով, ըստ էության, ընդունվեց նոր սահմանադրություն, որով Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգը կիսանախագահական համակարգից անցում կատարեց դեպի խորհրդարանական կառավարման համակարգի:
Անկեղծ ասած, տեղը և ճիշտ ձևաչափը չէ՝ առավել ընդգրկուն անդրադառնալու առհասարակ սահմանադրությանն ու սահմանադրականությանը, այդուհանդերձ, իմ խորին համոզմամբ, այս տարիների ընթացքում մեզ այդպես էլ չհաջողվեց մեր երկիրը դարձնել սահմանադրական, և մեր երկրում հաստատել սահմանադրական գերակայություն:
Հակառակը՝ հնարավորի սահմաններում մեզանից յուրաքանչյուրն անարգեց, անպատվեց, արհամարհեց, անտեսեց ու արժեզրկեց մեր երկրի մայր օրենքը…
Մենք այդպես էլ հուլիսի 5-ը չընդունեցինք ու չընկալեցինք որպես տոն ու երբեք այն չդարձրեցինք համաժողովրդական, անլուրջ մոտեցում ցուցաբերեցինք սահմանադրության հանդեպ և չգործադրեցինք անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ սահմանադրության նորմերն անմիջականորեն գործելը կյանքի նորմ դարձնելու համար:
Անցած 21 տարիների ընթացքում սահմանադրության բազմաթիվ նորմեր այդպես էլ չկիրառվեցին, կամ կիրառվեցին կամայականորեն, մեկնաբանվեցին՝ ըստ հայեցողության ու քաղաքական իրադրության, հատվածական շահերի տեսանկյունից, սահմանադրության 2-րդ և 3-րդ հոդվածների կիրառումն ու մեկնաբանումն առհասարակ ընթացավ ու ընթանում է կասկածի ու հավատի բացակայության պայմաններում:
Մենք ապացուցեինք, որ անլուրջ մոտեցում ունենք սահմանադրության՝ որպես մեր հասարակական հարաբերությունները կարգավորող ամենակարևորագույն գործիքի հանդեպ և հեռու ենք սահմանադրական հասարակություն դառնալու ճանապարհից…
Այսպիսի ժառանգության հետ մեկտեղ, կանգնած ենք նոր փորձության առջև՝ նոր սահմանադրության կենսագործման, անկախ նրանից՝ այն լա՞վն է, թե՞ վատ, ճի՞շտ է, թե՞ սխալ…
…Քանի դեռ հասարակությունը չի հարգել իր օրենքը, իր երկրի օրենքը, ինքը չի դարձել սահմանադրական և իր ցուցաբերած կամքով երկրում չի հաստատել սահմանադրականություն, սահմանադրությունը մնալու է որպես թղթի վրա գրված սիրուն փաստաթուղթ, ընդամենը…
Շնորհավո՛ր սահմանադրության օրը:
Հ.Գ. Այս նյութը գրել եմ անցած տարի այս օրը:
Իմ կարծիքով ամեն ինչ մնացել է նույնը, ոչինչ չի փոխվել:
…Ես էլ որոշեցի ոչինչ չփոխել, կրկնել նույնությամբ»: