Նախարարները, պատգամավորները վերապատրաստման անհրաժեշտություն ունեն (տեսանյութ)
Հուլիսի 5-ը ՀՀ սահմանադրության օրն է, բայց սահմանադրագետ Վարդան Այվազյանի խոսքով` մեր հասարակությունը խանդավառված չի այս տոնով: «Սա կապված է ոչ թե սոցիալ-տնտեսական վիճակի, այլ մտածողության հետ: Ընկերներս զանգում են, ասում՝ շնորհավոր տոնդ, ասում եմ
`չեն գիտակցում, որ իմ տոնը չի, այլ բոլորինս է: Սահմանադրության դերակատարությունը մեր կյանքում գիտակցված չէ»,-այսօր «Հենարան» ակումբում կայացած ասուլիսի ժամանակ ասաց Այվազյանը:
Վերջինս ընդգծեց, որ մեկ ու կես տարի է, որ մենք նոր կառավարման ձևի պամաններում ենք ապրում, և ինչպես ժողովուրդը, հանրությունը, այնպես էլ իշխանությունները հույսեր են կապում, որ նոր փոփոխված Սահմանադրությունը կարող է առաջընթացի հիմքեր ունենալ:
«Ընդհանրապես սահմանադրություններն առաջարկում են իդեալականին մոտ մոդել, և ընդամենը հասարակությունն ու իշխանությունները պետք է մեկտեղեն ջանքերը, որպեսզի հասնեն դրան,և մենք էլ, եթե ջանքեր չկիրառենք, որևէ արդյունքի չենք կարող հասնել, անհրաժեշտ է տքնաջան աշխատանք իրականացնել»,-նկատեց նա:
Վարդան Այվազյանն ուշադրություն հրավիրեց նաև անվտանգութան խնդրին: «Հայոց բանակն ապահովում է մեր պետությա ապահովման գործառնական հատվածը, անվտանգությունը պետք է նաև հայեցակարգային առումով պետականության ճիշտ մոդել ամրագրի:
Իմ հորդորն է` և´ մեր իշխանությունները, և´ մեր հանրությունը պետք է ջանքեր թափեն, հակառակ դեպքում Սահմանադրության մեջ ամրագրված դրույթները կմնան որպես բառախաղ: Հասարակության գիտակցության առումով պետք է համազգային ծրագիր լինի սկսած դպրոցից, նախարարներից, պատգամավորների վերապատրաստման դասընթացներից:
Վերապատրաստման անհրաժեշտություն ունեն քաղաքական պաշտոն կրողները՝ նախարարները, պատգամավորները»,-կարծում է նա:
Առավել մանրամասն` տեսանյութում: