Ունենալու ենք ավելի արդար եւ ավելի կայուն պետություն. Սերժ Սարգսյան
Սահմանադրության բարեփոխված տարբերակը ավելի մեծ հնարավորություններ է ընձեռում ժողովրդավարության զարգացման համար: Այս մասին ասված է ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ ձեզ Սահմանադրության օրվա կապակցությամբ:
Հայաստանի ժողովրդի պատմական ընտրությունն է՝ կառուցել ազատ, ժողովրդավարական եւ սոցիալական պետություն: Այդ նպատակը հստակ արտահայտված է մեր երկրի Հիմնական օրենքում: Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը անցած տարիների ընթացքում մեր պետության եւ ողջ ժողովրդի համար եղել է ամուր իրավական հենարան նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում:
Բնականաբար, այդ ընթացքում մեր հասարակական եւ քաղաքական կյանքում տեղի էին ունեցել զգալի փոփոխություններ, որոնք հասունացրել էին սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը, ինչը եւ այսօր մեր երկրում իրականություն է դարձել:
Ինչպես գիտեք, այժմ մենք գտնվում ենք անցումային փուլում: Մենք անցում ենք կատարում կառավարման խորհրդարանական համակարգի:
Մեր համոզումն է, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ներկա՝ բարեփոխված տարբերակը ավելի մեծ հնարավորություններ է ընձեռում ժողովրդավարության զարգացման, իշխանության թեւերի միջեւ հավասարակշռության պահպանման եւ ընդհանրապես՝ մեր երկրի համակողմանի եւ անցնցում զարգացման համար: Անկասկած, սահմանադրական բարեփոխումների արդյունքում ունենալու ենք ավելի արդար եւ ավելի կայուն պետություն եւ հասարակություն:
Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս նշանակալի տոնի առթիվ եւ մաղթում, որ մենք անվերապահորեն հավատարիմ լինենք մեր Սահմանադրության տառին եւ ոգուն»,-ասված է շնորհավորական ուղերձում: