Աղոթք բժշկող եւ կենդանի մեր Աստծուն
Կենդանի ես Տեր Աստուած և ամենադարման: Ամենաբարի Տեր օգնությունդ հեռու մի պահիր: Հիսուս Քրիստոս, Աստված մեր, բժշկիր մեր հոգիները, հավատում ենք, որ եթե ուզես, կարող ես: Հիշիր, Տեր Քո գթությունները ու ողորմությունները, որոնք հավիտենական են և լսիր մեր խնդրանքները ու աղաչանքները: Տե՛ր, հիշիր Քո խոստումը Սուրբ Լուսավորչին՝ «Պահելու եմ ազգն Հայոց մինչև իմ երկրորդ գալուստը»: Հիշիր Տեր Աստուած մեր, որ Դու կամեցար Քո Սուրբ ձեռքով գծել Հայոց Եկեղեցին, Դու զարդարեցիր Հայոց Եկեղեցին Քո Սուրբ անվան համար նահատակված սրբերով:
Դու կամեցար, որպեսզի Քո փառքը հյուսող շարականների նման լսվեն Հռիփսիմյանց կույսերի նահատակության ճիչերը՝ որպես աղոթք ընծայված Քեզ: Ո՜վ Փրկիչը մեր, հավատում ենք, որ եթե ուզես, կարող ես վերականգնել մեր հավատքը:
Եթե ուզես կարող ես մեզ վերադարձնել մեր Սուրբ հայրերի ճշմարիտ ուղիղ հավատքին: Հանուն Քո Սուրբ անվան՝ հոգու աոողջություն պարգևիր մեզ: Մարդասեր Տեր, լսիր մեր պաղատանքը, մեր շրթների աղոթքը, մեզ պարգևիր մեր խնդրածը: Քո Սուրբ եւ պատվական Խաչը թող հովանի լինի Հայ ժողովրդին: Քո սքանչելի և առատ ողորմությամբ լսիր մեզ, ով Փրկիչ, աղաղակում ենք Քեզ, խնայիր մեզ, օգնության հասիր, Տեր, փութա ընկերակցել Հայ ժողովրդին ի Հայաստան եւ ի սփյուռս աշխարհի, Տեր մի ուշացիր: Դու, որ երես չես դարձնում խնդրողներից, մեզանից ևս երես մի դարձրու, խնդրում ու աղաչում ենք Տեր, որ հայոց ազգին ուղարկես պարգևաշատ մխիթարիչ Սուրբ Հոգին, որպեսզի մեր նեղությունների ու չարչարանքների մեջ Նրա մխիթարությունը ունենանք:
Գոհություն ենք մատուցում Քեզ Սուրբ Երրորդություն, մեկ աստվածություն՝ անչափ մեծ գովաբանությամբ ու մեծափառությամբ: Մեր աղաղակը թող Քո ականջին հասնի բարեխոսությամբ Սրբուհի Կույս Աստվածածին Մարիամի, Սուրբ Գրիգոր Լուսավորչի և երկնքում ու երկրի վրա Քեզ հաճելի եղող Քո բոլոր Սրբերի անունից: այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից: Ամեն:
Տեր Հովսեփ քահանա Հակոբյանի հանրագրից