Էկոտուրիզմի փառատոնի մասնակիցներին հետաքրքիր անակնկալներ կմատուցվեն
Հուլիսի 8-9-ը Արագածոտնի մարզի Հարթավան գյուղում կանցկացվի Էկոտուրիզմի փառատոն:
Միջոցառման կազմակերպիչները այսօր՝ հուլիսի 8-ին հրավիրված մամուլի ասոււլիսի ժամանակ մանրամասներ են հայտնել:
Միջոցառման կազմակերպիչներից մեկը՝ Ջերմուկի զարգացման կենտրոնի նախագահ Վազգեն Գալստյանի փոխանցմամբ՝ փառատոնի նպատակը Հարթավան գյուղը և ամբողջ մարզը էկոլոգիական զբոսաշրջության կենտրոնի վերածելն է: Եվ դա պատահական չէ, քանի որ Արագածոտնի մարզը, մասնավորապես՝ Հարթավան գյուղը, հարուստ է իր ֆլորայով և ֆաունայով:
Միջոցառման մասնակիցները կմասնակցեն «Գանձերի որոնում» խաղին , կկազմակերպվեն նաև քայլարշավներ և թիթեռադիտարկում:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյան էլ նշել է, որ նախաձեռնությունը մեծ նշանակություն ունի՝ տարածաշրջանում տուրիզմի զարգացման տեսակետից:
«Նման փառատոնները թույլ են տալիս օտարերկրյա զբոսաշրջիկներին ներկայացնել Հայաստանի բնությունը և գեղեցկությունը: Դրանք կարող են նաև հարթակ հանդիսանալ Հայաստանում զբոսաշրջության այլ տեսակների զարգացման համար»,- ասել է Մեխակ Ապրեսյանը: