Կարող է՝ վատ երազ է տեսել, չգիտեմ. Ս. Միքայելյանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանին (տեսանյութ)
«Հայաստանում թավշյա հեղափոխություն կլինի, անհրաժեշտ է ժողովրդի մոբիլիզացիան»,-այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը: Հարցին, թե հավանական համարում եք, որ 2018 թվականին նախագահ Սերժ Սարգսյանը կլինի վարչապետ, Միքայելյանը նշեց, թե հավանական է համարում: «Թավշյա հեղափոխություն անպայման պետք է լինի, բայց հիմքեր պետք է ստեղծվեն դրա համար, իսկ 2018 թվականին ես համոզված եմ, որ ինքը կլինի վարչապետ»: Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ ընդդիմությունը հասարակության հետ միասին պետք է քայլեր ձեռնարկեն, որպեսզի ստեղծված իրավիճակից դուրս գա:
Հովհաննիսյանի՝ հեռուստատեսությամբ արված այն հայտարարությանը, թե ինքն է «Ելք» դաշինքի նախահայրը, որ դաշինքն ինքն է հիմնադրել՝ Միքայելյանն այսպես արձագանքեց. «Րաֆֆի Հովհաննիսյանը ոչ մի կապ չունի «Ելք» դաշինքի հետ: Կարող է՝ վատ երազ է տեսել, չգիտեմ: Ի՞նչ կապ ունի նա «Ելք» դաշինքի հետ: Ընդհանուր փուլում, որ ցանկացել ենք համագործակցել տարբեր կուսակցությունների հետ, քննարկումներ են եղել նաև իրենց հետ, համաձայնության չենք եկել: Դա է եղել, ո՞նց կարող է ինքը լինի «Ելք»-ի կնքահայր, նախահայր, նախապապ»:
Մանրամասները՝ տեսանյութում: