Թեժ բանավեճ դատարանում․ Ժիրայր Սեֆիլյանը դատարանում չէր/տեսանյութ/
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Ժիրայր Սեֆիլյան եւ այլք գործով դատավարությունը։ Նշենք, որ անցած դատական նիստին դատավորը սանկցիա է կիրառել Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ, եւ վերջինս այսօր դատարան չի բերվել։
Նշենք, որ նախորդ նիստին դատարանը 10 ժամով դատական նիստերի դահլիճից հեռացրել էր Գեւորգ Սաֆարյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Ներսես Պողոսյանին և Հրայր Թոփչյանը: Նիստերի դահլիճից հեռացված է նաեւ Գալուստ Գրիգորյանը:
Դատական նիստի մեկնարկը թեժ էր։ Դատավոր Տաթեւ Գրիգորյանը նշեց, որ գործում ներգրավված է նոր մեղադրող, եւ պաշտպանական կողմին դիմեց՝ հարցնելով, թե արդյոք նրանք համաձա՞յն են, որ նա ներգրավվի որպես մեղադրող։
Փաստաբան Արայիկ Պապիկյանը դեռ նոր էր սկսել խոսելը, երբ դատավորն ընդհատեց նրան, ասելով, որ նրան ընդամենը մի հարց է տրվել՝ համաձա՞յն է, որ մեղադրողը ներգրավվի գործում, թե ոչ։
Ներսես Պողոսյանի պաշտպան Նինա Կարապետյանցին դատավորն առհասարակ արգելեց խոսել՝ նշելով, որ գործում նա դեռեւս ներգրավված չէ որպես պաշտպան, եւ կարծիք հայտնելու իրավունք չունի։
Պաշտպանի եւ դատավորի մեջ թեժ վեճ սկսվեց, որի հետո պաշտպանը լքեց նիստերի դահլիճը։
Այսօրվա դատական նիստին ներկա չէին պաշտպաններ Տիգրան Հայրապետյանն ու Տիգրան Եգորյանը: Վերջինս գրություն էր ուղարկել դատարան՝ հայտնելով, որ վատառողջ է եւ խնդրելով բացակայությունը հարգելի համարել: Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը հայտարարեց, որ Տիգրան Հայրապետյանի վերաբերյալ որեւէ տեղեկատվություն չկա եւ ինքն այժմ հեռանում է խորհրդակցական սենյակ՝ սանկցիայի մասին որոշում կայացնելու:
Լրագրողների հետ զրույցում Նինա Կարապետյանցը նշեց, որ չի հասկնում, թե այս տրամաբանությամբ ուր է տանում դատական գործը դատավորը։
Նշենք, որ այս գործը քննվում է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն նիստերն արվում են արտագնա` Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում:
Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 24.04.2015 թվականին Երեւան քաղաքում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով եւ վնասելով, ինչպես նաեւ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված, հասարակական անվտանգությունը վտանգող զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ, 2014 թվականի մայիսից դրա կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ կատարելու համար:
Մանրամասները՝ տեսանյութում