Ահազանգ. անչափահասներին բռնության ենթարկածն ազատության մեջ է
Մի քանի օր առաջ inknagir.org-ում տարածվեց անչափահասների նկատմամբ սեռական բռնության մասին Նանա Մանուչարյանի իրապատումը: Այս գրությունը հեղինակի վերջին ճիգն է հասնելու արդարության և պատասխանատվության ենթարկելու նրան, ով բազմաթիվ երեխաների ճակատագիր է խեղել: Իրապատումի առաջին մասում նկարագրվում է, որ հեղինակը լսել է մի տղայից, թե ինչպես է իր ամուսինը բռնաբարել այդ տղային, ապա ներկայացնում է իր բազմանդամ ընտանիքը, որ նրա ծնողները տեղափոխվել են Ռուսաստանից Հայաստան իրենց դստրերի կրթության համար, ապա թե ինչպես է հեղինակը 14 տարեկանում կապվում իր ապագա ամուսնու հետ իսկ ամուսնանալուց հետո բացահայտում նրա կատարած մանուկների էրոտիկ լուսանկարները:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Նանա Մանուչարյանը պատմեց, որ իրապատման «հերոսը» պեդոֆիլ լուսանկարիչն է: Ինքը Նանա Մանուչարյանը դեռ 2013 թվականին այս առիթով դիմել է ոստիկանություն, ապա Մարդու իրավունքների պաշտպանին, քանի որ սկզբում ոստիկանությունում ասել են, թե դեպքը հին է:
«Եթե դու միայնակ կին ես, Հայաստանում պայքարելն ապարդյուն է: Այդ մարդն անազատության մեջ է, ես տեսել եմ նրան անչափահասների հետ, իմ ծանոթներն են տեսել, լռելն անարդար կլիներ»,-ասաց նա:
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Վարդանյանը հավելեց, որ ոստիկանությունում նյութեր նախապատրաստվել են դեռ 5 տարի առաջ, որից հետո գործն ուղարկվել է քննչական մարմին: Նա հավելեց, որ 2013 թվականից ոստիկանության համապատասխան ծառայությունը, տարբեր խնամքի կետերն իրազեկում են անչափահասներին իրենց իրավունքների մասին:
Քննչական կոմիտեի իրավական ապահովման և վիճակագրության վարչության պետ Դավիթ Թումասյանը նշեց, որ ոչ մի դատական համակարգ առանց ապացույցների դատավճիռ չի իրականացնի: «Կան դեպքեր, երբ դրանք ապացուցելի չեն»:
Նա հավելեց, որ այս դեպքն իրենց վարույթում չի գտնվել, ապա հավելեց, որ այս ոլորտում կան լավ մասնագետներ, միգուցե 2013 թվականին չեն եղել: «Սա ոչ միայն իրավապահ մարմինների աշխատանքն է, այլև պիտի լինի համատեղ աշխատանք»,-նկատեց նա: