27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Նրանց, ովքեր քննադատում են հոգեւորականներին

«Ծուռ նստենք, շիտակ խոսենք» շարքից:

Այսքանը որ համբերատար կարդաս, կազատվես մի մեղքից, որ դատել է կոչվում, կսովորես մի առաքինություն, որ լռություն է կոչվում:
Երբ պատրաստվում ես քննադատել եկեղեցու սպասավորին, մի պահ լռիր, ինքնաքննության ենթարկիր անձդ, հիշիր վերջին անգամ ե՞րբ ես եղել եկեղեցում, ի՞նչ արարողություն էր, որքանո՞վ էիր դու հաղորդ այդ արարողությանը, ի՞նչ հաճախականությամբ ես լինում եկեղեցում: Միայն մոմ վառելի՞ս, թե՞ նաև Սուրբ Պատարագին: Տեղյա՞կ ես եկեղեցու խորհուրդներին: Եթե քահանան թերանա և կրճատի որևէ խորհրդից մի մաս, դու կզգա՞ս արդյոք:

Կամ, կարո՞ղ ես ամբողջ խորհրդի ժամանակ ուշադիր և հետևողական լինել աղոթքին: Հիշիր, անպայման մասնակցած կլինես Մկրտության կամ Պսակի խորհրդին, մտովի հիշիր մարդկանց պահվածքը: Անշուշտ մասնակցած կլինես ննջեցյալի հոգեհանգստի և թաղման կարգին: Անկեղծ եղիր վերլուծության մեջ և մտքումդ պատասխանիր քեզ: Արդյո՞ք քրիստոնյան այսպիսին պետք է լինի, կամ մեր Տեր Հիսուս Քրիստոս արդյոք սա՞ էր ուզում մեզնից: Կտեսնես, որ բոլորս էլ նման ենք այն թզենուն, որի վրա պտուղ չգտավ մեր Տերը: Եվ էլի շատ ուրիշ փաստեր, որոնց մասին չարժե գրել:

Քո փոխարեն պատասխանեմ` Ո՛չ: Հիմա հա՛րց տամ քեզ: Երբևէ պատահե՞լ է, որ դու լսես, թե քահանան մեղադրում է հավատացյալներին իրենց հոգևոր անգիտության համար: Դարձյալ քո փոխարեն պատասխանեմ` Ո՛չ:

Ուրեմն մենք` լինելով անգետ հոգևոր խորհուրդներին, ինչպե՞ս կարող ենք մեղադրել մեկին, որը գիտակ է Աստվածաշնչին ու եկեղեցու խորհուրդներին, սակայն թերացել է ինչ որ մի այլ տեղում: Ո՞րն է մեր տարբերությունը, երկուսս էլ մեղավոր ենք: Մի՞թե մեղավորը մեղավորին դատում է: Հիշի՛ր, «Ով անմեղ է, թող առաջինը քար նետի» աստվածաշնչյան արտահայտությունը և քննիր քեզ: Հիմա դու կասես, նա հոգևորական է, ես նրանից պետք է սովորեմ: Համաձայն եմ լիովին: Սովորիր, ինչ որ նա քարոզում է եկեղեցում Աստվածաշնչից: Դու դա չես ուզում սովորել, որովհետև դժվար է, իսկ բամբասելուց, մեղադրելուց և դատելուց հեշտ բան չկա: Նույնքան հեշտ է մեղքի մեջ ընկնել առանց այս բոլոր բաները իմանալու:

Նայիր քեզ, եթե քո հոգևոր մակարդակը զրո է, ուրեմն իրավունք չունես որևէ մեկին մեղադրելու: Իսկ եթե քո հոգևոր մակարդակը զրոյից բարձր է` մեկ կամ երկուս է, ուրեմն դու մեղադրող չես կարող լինել: Սովորիր նրանցից քո հոգու համար փրկարար բաներ, իսկ իրենց մեղքերի համար դու պատասխանատու չես, իզուր բեռ մի արա քեզ: Իմ նպատակը հոգևորականին արդարացնելը չէ, քավ լիցի:

Ես էլ եմ տեսնում բացթողումներ, թերություններ, անուշադրություն, հաճախ մեծամտություն: Սակայն ես ինձ եկեղեցու մի մասնիկն եմ համարում: Ես եկեղեցունն եմ իմ մեղքերով, եկեղեցին իմն է իր թերություններով:Ես միայն կարող եմ ասել.- Տեր Աստված օգնիր քո սպասավորին ուղղել այս կամ այն սխալը, ինչպես դա արեցիր ինձ` ծանոթացնելով ինձ` իմ հետ: Հոգևորականի և հավատացյալի միջև սեպ խրողներին է վերաբերում խոսքս: Դու բարիք գործիր, թող այլոք քեզ նայեն ու սովորեն, բայց երբեք պատ մի շարիր բժշկի և հիվանդի միջև:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ