Արայիկ Պապիկյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ գրություն է ուղարկվել
ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Արայիկ Պապիկյանը, դուրս գալով «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով սահմանված փաստաբանական գործունեության շրջանակներից, փաստաբանական գործունեությանը չվերաբերող, վստահորդին իրավաբանական օգնություն տրամադրելուն որևէ կերպ չառնչվող հարցերով իր հայացքներն է փոխանցել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին, ավելին՝ անպարկեշտ ձևակերպումներով գնահատականներ է տվել պետական իշխանության մարմիններին, իրավապահ մարմիններին ու դրանց գործունեությանը:
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ լրատվամիջոցներով և իր ֆեյսբուքյան էջում փաստաբանը հանդես է եկել իր անունից, վերջինիս դատողությունները ձևակերպված են ոչ թե որպես անձնական կարծիք կամ գնահատական, այլ որպես բացարձակ ճշմարտություն նաև իր կողմից ձեռնարկվելիք քայլերի մասին:
«Նկատի ունենալով, որ փաստաբանի վարքագիծն հակասում է օրենքին ու դրա հիման վրա ընդունված այլ իրավական ակտերի պահանջներին դատախազի կողմից ՀՀ փաստաբանների պալատ ուղարկվել է գրություն՝ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 6-րդ գլխում ամրագրված դրույթներին համապատասխան փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցը քննարկելու վերաբերյալ»,-հայտնեցին Դատախազությունից: