ՊՆ-ի ղեկավարած պատվիրակությունը մի շարք հանդիպումներ է ունեցել
Հունիսի 29-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ղեկավարած«Վճռական աջակցություն» գործողության մասնակից պետությունների պաշտպանության նախարարների նիստին։
Նիստի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը հանդես է եկել ելույթով՝ իր գործընկերներին ներկայացնելով Աֆղանստանում, և ընդհանրապես լայն տարածաշրջանում անվտանգության ու կայունության ապահովման Հայաստանի Հանրապետության մոտեցումներն ու տեսլականը, ինչպես նաև առաջարկել որոշակի լուծումներ՝ առկա խնդիրների պաշտպանական բաղադրիչի շրջանակներում։ Նիստի հիմնական արդյունքները լրատվամիջոցներին է ներկայացրել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
Նիստի ավարտից հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերի հետ երկկողմ հանդիպման ընթացքումքննարկվել են Հյուսիսատլանտյան դաշինքի հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության ընթացքն ու ապագա ծրագրերը։ Անդրադարձ է կատարվել նաև գլոբալ ու տարածաշրջանային ավտանգության խնդիրներին, ներկայացվել է Հայաստանում ընթացող պաշտպանական բարեփոխումների շրջանակը, տեսակետներ են փոխանակվել դրանց իրականացման գործում ՆԱՏՕ-ի օժանդակության հնարավորությունների ու ձևաչափի վերաբերյալ։
Բրյուսել կատարած այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է նաև Եվրոպական Միության ռազմական կոմիտեի նախագահ, բանակի գեներալ Միխաիլ Կոստարակոսի հետ։ Հանդիպման ընթացքում քննարվել են Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության ռազմական օղակների միջև համագործակցության հաստատման հնարավորությունն ու հեռանկարները։
Քաղաքացիական հասարակության հետ համագործակցության շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Քարնեգի հիմնադրամի եվրոպական մասնաճյուղում հանդիպում է ունեցել մի շարք միջազգային հետազոտական կենտրոնների փորձագիտական անձնակազմի հետ։ Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։ ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանել է փորձագետների հնչեցրած հարցերին, ինչպես նաև ծանոթացել նրանց կողմից իրականացված վերջին հետազոտությունների ու վերլուծությունների արդյունքներին։