«Թոշակառուներն ունեն մի արկղ պրոտեզներ, որոնք պիտանի չեն»
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանի խոսքով՝ հանրությունում և՛ հիվանդի, և՛ բժշկի, և՛ սեփականատիրոջ կողմից դժգոհություններ կան առողջապահական համակարգի որակի վերաբերյալ, չնայած նրան, որ ծախսային մասն ու ծրագրերն իրականացվել են: Այս մասին նա նշեց այսօր 2016 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ:
Նա նաև բարձրացրեց բժիշկների իրավունքների ու պաշտպանվածության հարցը՝ հիշեցնելով շտապօգնության ուշանալու պատճառով բժիշկներին ծեծի ենթարկելու դեպքը: Մյուս մտահոգությունն էլ ստոմատոլոգիական կլինիկաների մատոիցած ծառայություններն էին: «Մինչև հիմա շատ ղեկավարներ աշխատում են շատ հին սկզբունքով, իրենք են որոշում բժիշկներին, ովքեր պետպատվերով գումարներ չեն ստանում»,-ասաց պատգամավորը:
Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն արձագանքեց, թե իրենց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հաճախ 12 հիվանդի համար մեզ մոտ աշխատում է 4-5 բժիշկ, և բժշկի զբաղվածությունը շատ ցածր է: «Մենք մի կողմից համեմատելով 75 միլիարդը ու պահանջվող 260 միլիարդը՝ կարող ենք ասել, որ ունենք պակասող գումար, բայց նաև այդ գումարից 30-35 տոկոսն անարդյունավետ ենք վատնում: Այս հարցի շտկմանն են ուղղված նաև մեր աշխատանքները»,-բացատրեց նախարարը:
Նա հայտնեց, որ նեղացնելու են այն սոցիալական խմբերի շրջանակը, որոնք հավակնում են սոցպատվեր ստանալ: «Պետք է հայտարարել, որ մենք չենք կարող սպասարկել ամբողջ բնակչությանը, պետք է կենտրոնանք ոչ ապահով խավերի վրա»:
Ստոմատոլոգիական ծառայությունների վերաբերյալ Լևոն Ալթունյանը նկատեց, որ ունենք թոշակառուներ, որ ունեն մի արկղ պրոտեզներ, որոնք պիտանի չեն, տարին մեկ պրոտեզներ են պատվիրումը, որը չեն էլ կարողանում կրել: Սրա լուծումն, ըստ Ալթունյանի, ցածր գինն է: Ստոմատոլոգիական ծառայությունների որակի խնդիրը նաև նախարարության համար է առաջնային: «Որակը ցածր է, գինը ցածր է, պահանջատերերը առանձնապես ձայն չենբարձրացնում՝ հասկանալով, որ գինը ցածր է, բժիշկներն էլ աշխատավարձ չեն ստանում»:
Ինչ վերաբերում է բժիշկների պաշտպանավածության հարցին, ապա նախարարը շեշտեց, որ երևի թե առողջապահության մասին նոր օրենքի կամ նոր խմբագրության հարց է սա: Նոր օրենքը դեռ չի ներկայացվի խորհրդարան, և մինչև դրա ներկայացումը կլինեն պրոտոկոլներ, որոնք պարտադիր կլինեն բժիշկների կողմից կատարման, ինչը թույլ կտա որ դրանք կատարման դեպքում բժիշկը խուսափի մեղադրանքներից: