09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Այս աղոթքը շատ ազդեցիկ է եւ օգնում է

«Արդարի աղոթքը շատ ազդեցիկ է և օգնում է» (Հակոբոս 5:16):

Այս խոսքը ես վերցրել եմ Հակոբոս Առաքյալի Ընդհանրական թղթի 5-րդ գլխի 16 համարից, ուր նա խոսում է, թե արդարի աղոթքը շատ ազդեցիկ է և օգնում է։

Որպեսզի ավելի պարզ լինի Հակոբոս Առաքյալի այս խոսքի իմաստը, մեջբերենք 5-րդ գլխի 13-16 համարները․ «Ձեզնից մեկը վշտի՞ մեջ է ընկել, թող աղոթի․ մեկը բերկրանքի՞ մեջ է, սաղմոս թող ասի․ հիվա՞նդ է ձեզնից մեկը, թող կանչի եկեղեցու երեցներին և նրանք նրա վրա թող աղոթք անեն, թող յուղով օծեն նրան Տիրոջ անունով։ Եվ հավատով եղած աղոթքը կփրկի հիվանդին, ու Տերը նրան ոտքի կկանգնեցնի։ Եվ եթե մեղք գործած լինի, այդ նրան պիտի ներվի։ Ձեր մեղքերը միմյանց խոստովանեցեք և միմյանց համար աղոթք արեք, որպեսզի բժշկվեք, քանզի արդարի աղոթքը շատ ազդեցիկ է և օգնում է» (Հակոբոս 5։ 13-15):

Առաքյալի այս խոսքը չի վերաբերում միայն արդարներին, այլ նաև մեզանից յուրաքանչյուրին։

Հարց է ծագում, թե՝ «Ո՞վ է արդարը և ինչո՞ւ է արդարի աղոթքը ազդեցիկ»։

Բացատրությունը Ադամ Քահանայինն է․ «․․․Արդար լինելու մասին Պողոս առաքյալը Հռոմեացիներին ուղղված թղթում ասում է. «Ոչ ոք արդար չէ, ոչ իսկ մեկ հոգի» (Հռոմ․ 3։10): Պողոս Առաքյալը կորնթացիներին ուղղված առաջին թղթում խոսում է նաև հոգեպես կատարյալների մասին (Կորնթ․ 2։6): Ուրեմն, պետք է արդար հասկացության մի քանի տեսակներ առանձնացնենք` բացարձակապես արդարություն, որ հատուկ է Աստծուն և համեմատական արդարություն, որ հատուկ է մարդուն: «Ոչ ոք արդար չէ» խոսքը վերաբերում է համեմատական արդարությանը, որովհետև Աստծո բացարձակ արդարության համեմատ ոչ ոք արդար չէ, բացի դրանից դա ցույց է տալիս մարդու մեղավոր լինելը:․․․

Պողոս առաքյալի նշած` հավատքով կատարյալներն արդեն այն մարդիկ են, ովքեր, մեղքերի համար զղջալով, հավատքի, հոգևոր ապրումների մեջ առաջանալով, հասել են հոգևոր առումով որևէ առաջընթացի․․․։ Հակոբոս առաքյալը հենց այսպիսիներին նկատի ունի, երբ ասում է, որ արդարի աղոթքը զորավոր է և կարող է օգնել: Սակայն պետք է նկատի ունենալ, որ այդպիսի աղոթքը կարիքն ունի այն մարդու գործակցության, ում համար աղոթում են, որպեսզի այդ մարդը նաև իր կամքով չշարունակի մնալ մեղքերի մեջ և ապրի աստվածահաճո կերպով» (Ադամ Քահանա Մակարյան, «Ոչ միայն հացիվ»)։

Մարդիկ կան, որոնք մեղք են գործում իրենց նմանի նկատմամբ և կարծում են, թե Աստծուն խոստովանելով, թողություն կարող են ստանալ ու դա բավական է։ Բայց Հակոբոս առաքյալն ասում է, որ դա բավական չէ, քանի որ այդ մեղքը, որը կատարել ենք, պետք է խոստովանենք ու նրանից ներում խնդրենք։ Սա անհրաժեշտ պայման է։ Զղջալ և ներում հայցել ու ապա աղոթել, որպեսզի արժանանանք Աստծու ողորմածությանը։

«Արդարի աղոթքը շատ ազդեցիկ է և օգնում է»։ Բոլոր առաքյալները իրենց Վարդապետի օրինակով մշտապես աղոթքի մեջ էին։ Բանտերի փակ դռները և շղթաները բացվում ու կտրվում էին նրանց աղոթքների զորությամբ։ Իսկ ի՞նչ է այսօր իրականությունը։ Ո՞ւր են աղոթողները։ Դժբախտաբար այսօր սրտանց ու անկեղծ աղոթողների թիվը պակասել է, մարդիկ նույնիսկ իրենք չեն աղոթում, ուր մնաց որ աղոթեն ուրիշների համար։ Երանի չէր այդպես լիներ։ Բայց չհուսահատվենք, դեռ կան մարդիկ, որոնք աղոթում են ամեն օր և ոչ միայն իրենց, այլ նաև մեր երիտասարդների համար, որոնք, ցավով եմ ասում, սխալ ճանապարհների մեջ են և հիվանդ են։

Երբեմն մարդիկ թերահավատորեն ասում են, թե ի՞նչ օգուտ մեր աղոթքից, մեկ է չարը իր գործը անելու է, մենք անզոր ենք ու ձեռքները հուսահատ թափ են տալիս։ Թուլակամ մարդիկ են այդպես մտածում։ Պիտի հիշենք, որ մեր աղոթքները, խնդրանքի ձևով ուղղված են Աստծուն, որպեսզի Նա օգնի մոլորվածներին։ Մենք ո՞վ ենք, իբրև մարդիկ ի՞նչ զորություն ունենք, բայց ձեռքներս ծալած չպիտի նստենք․ «Կաթիլն էլ օվկիանոսին օգուտ է, եթե ես իմ բարի գործն ու աղոթքը չանեմ, օվկիանոսը զուրկ կմնա իմ կաթիլից»- ասում է Մայր Թերեզան։ Հետևենք նրան և սրտանց աղոթենք։

Շատ անգամներ ինձ դիմում են իբրև հոգևոր հայր, որպեսզի աղոթեմ իրենց համար ․ «Տեր Հայր, աղջիկս հիվանդ է, նեղությունների մեջ ենք, խնդրում ենք աղոթիր մեզ համար» կամ «Տեր Հայր, հոգեկան անհանգստություն ունեմ, գիշերները չեմ կարողանում քնել, մի տեսակ ներքին տագնապ ունեմ, խնդրում եմ աղոթքներիդ մեջ հիշիր ինձ» և այլն։ Ամեն մեկս էլ կարող ենք աղոթել և խնդրել մեր նմանների համար՝ առողջություն, հոգեկան հանգստություն, հոգսե-րից ու մտահոգություններից ազատում։ Ուրիշների համար աղոթելով, մենք մեզ էլ հոգեպես հանգիստ կզգանք, այն մտածումով, թե մի բարի գործ ենք կատարում և հավատացեք Աստված մեզ ավելիով կտա։ Աղոթող են այն մարդիկ, ովքեր մարդասեր ու աստվածասեր են, խղճմտանք, օգնելու ցանկություն ունեն, Աստծու պատվիրաններին հետևող են, մի խոսքով իրենց հավատը գործի վերածող են։

Եկեք ամեն օր աղոթենք մեկս մյուսի, մանավանդ մեր երիտասարդների համար, մոտենանք ու խոսենք Աստծու հետ, մեր հոգսերն ու մտահոգությունները, մեր հավատարմությունը, սերն ու գոհունակությունը աղոթքի միջոցով հանձնենք ու հայտնենք Նրան։

Պողոս Պատրիարքի խոսքով ավարտում եմ այսօրվա իմ քարոզը․ «Եթե մեկը խնդրում է կյանք, իմաստություն, զավակ կամ ունեցվածք, մտքում պիտի դնի դրանցով ծառայել Աստծուն, այսինքն՝ կյանք է խնդրում, որ ապաշխարի, իմաստություն, որ սխալվելով մեղքի մեջ չընկնի, զավակ, որ նրան Աստծու ծառա դարձնի, ունեցվածք, որ աղքատներին ու կարոտյալներին բաշխի․․․Աղոթելիս պետք է խնդրել, որ Աստծու կամքը կատարվի մեր մեջ և ոչ թե մերը՝ ըստ այսմ․ «․․․ոչ թե ինչպես ես եմ կամենում, այլ ինչպես Դու ես կամենում (Մարկ․ 14։36)։ Ամեն։

Տեր Հովսեփ քահանա Հակոբյան

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ