Վախենում եմ նորից կորցնեմ երեխայիս. Անի Զախարյանը սպասում է դատավճռին/տեսանյութ/
Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունավում է «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանի գործով դատաքննությունը:
Այսօրվա նիստում եզրափակիչ ճառով հանդես եկավ Անի Զախարյանի պաշտպանը՝
Զորայր Հարությունյանը: Վերջինս փաստեց, որ Անի Զախարյանի դեմ ներկայացված մեղադրանքները շինծու են և հիմնված են միայն հինգ ոստիկանների ցուցմունքի վրա:
Եզրափակիչ ելույթով հանդես եկավ նաև Անի զախարյանը, ով նշեց, որ ինքը երբեք ոստիկանական մեքենան ջարդելու կոչեր չի արել և գոյություն ունեցող տեսանյութերում էլ երևում է, որ նման կոչ արել է ինչ-որ տղամարդ: Անի զախարյանը նմանատիպ կոչերը անվանեց «հիմար» կոչեր. «Այս ամենի արդյունքում միայն ես եմ տուժել, քանի որ նախաքննության ընթացքում հղի եմ եղել և կորցրել եմ երեխայիս: Հիմա կրկին հղի եմ և վախենում եմ, որ նորից կարող եմ կորցնել երեխայիս»,-ասաց Անի Զախարյանը և հուզվեց:
Ըստ մեղադրական եզրակացության` Անի Զախարյանը հուլիսի 19-ին ժամը 20-ի սահմաններում Երեւանի Խորենացի եւ Քրիստափոր խաչմերուկում ինքնաբուխ հանրահավաքի ընթացքում բարձրախոսով հնչեցրել է կոչեր եւ դրդել մի խումբ ինքնությունները չպարզված անձանց կոտրել եւ վնասել այդ պահին հիշյալ խաչմերուկում իր ծառայողական պարտքը կատարող ոստիկանության մեքենան, որի մեջ եղել են ոստիկանության ծառայողներ:
Նշենք, որ մեղադրող դատախազը Անի Զախարյանի համար պահանջել է 4 տարվա պայմանական ազատազրկում:
Անի Զախարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-185-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, այն է` ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելուն կամ վնասելուն դրդելը, որը կատարվել է՝ կապված անձի կամ նրա մերձավորի կողմից իր ծառայողական կամ հասարակական պարտքը կատարելու հետ: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Մանրամասները՝ տեսանյութում: