Կրճատումներ, իհարկե, լինելու են. ինչու ԱԻՆ-ը նման որոշում կայացրեց
«Կրճատումները որպես այդպիսին նախատեսվելու են, եթե նախատեսվեն օպտիմիզացման շրջանակներում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը՝ խոսելով ԱԻՆ-ում կատարվելիք ու կատարվող կրճատումներից:
Հիշեցնենք, որ Կառավարությունում որոշում ընդունվեց Սեյսմիկ պաշտպանության ծառայության համակարգի օպտիմալացման վերաբերյալ:
«Դա գործընթաց է, տեխնիկական հագեցվածությունն է ավելանում, որակական նոր պահանջներ են դրվում, իհարկե, լինելու են կրճատումներ»,-հավելեց նախարարը:
Դիտարկմանը, թե մարդիկ անգործ են մնալու, նա արձագանքեց. «Կա ծրագրավորված աշխատանք, արդյունքները ցույց կտան: Oպտիմալացվում են ոչ թե մասնագիտական գործունեություն իրականացնող ստորաբաժանումները, այլ ադմինիստրատիվ ապարատը. միավորվելու են միմյանց գործառույթները կրկնող ստորաբաժանումները, ինչը հնարավորություն կտա ավելի արդյունավետ կառավարել վերոնշյալ ՊՈԱԿ-ներին տրամադրվող ֆինանսական ռեսուրսները և մարդկային ներուժը, նվազեցնել ծախսը: Հիմնականում կրճատվում են թափուր հաստիքները, այլ ոչ թե՝ աշխատակիցները»:
Դավիթ Տոնոսյանը վստահեցրեց՝ նախատեսվում է բարելավել և արդիականացնել իրականացվող սեյսմիկ հետազոտությունների որակը, որպեսզի դրանց հիման վրա հետագայում հնարավոր լինի կանխատեսումներ անել:
Ինչ վերաբերում է հասարակությանը հուզող խնդիրներից մեկին՝ հակակարկտակայաններին, ապա նախարարն ասաց, որ հիմա պիլոտային ծրագիր է իրականացվում, մրցույթ է հայտարարված, հաղթող է ճանաչվել: «Պիլոտային ծրագիրը կանցկացնենք մոտ մեկ տարվա ընթացքում, արդյունքների հիման վրա որոշում կկայացնենք:
Խոսքը գնում է փոխլրացնող համակարգի վերաբերյալ, օգտագործվելու են ցանցերը, նոր համակարգ է կիրառվելու»,-եզրափակեց նա: