Ավարտվել է Ժ. Սեֆիլյանի ստեղծած կազմակերպված խմբի ևս մեկ անդամի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ապօրինի պահվող հրազենով զինված, կազմակերպված խմբի կողմից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության /ՊՊԾ/ գնդի վարչական շենքերն ու հարակից տարածքը զավթելու և պահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ և 235-րդ հոդվածներով հարուցված քրեական գործից անջատվել է ևս մեկ քրեական գործ Ժիրայր Սեֆիլյանի ստեղծած կազմակերպված խմբի անդամ Արթուր Մովսիսյանի վերաբերյալ:
Քրեական գործով կատարված օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա պարզվել է, որ 2015 թվականի նոյեմբերին Ժիրայր Սեֆիլյանը ստեղծել և ղեկավարել է կազմակերպված խումբ, որի անդամների միջոցով նպատակ է ունեցել զենքի գործադրմամբ, քաղաքացիների և զինծառայողների կյանքի համար վտանգավոր բռնության գործադրմամբ զավթել ՀՀ տարբեր վայրերում գտնվող ռազմավարական նշանակություն ունեցող շենքերը, շինությունները և դրանք պահելուց հետո պետությանը հարկադրել որոշակի գործողությունների կատարմանը: Կազմակերպված խմբում, ի թիվս այլոց, ընդգրկված է եղել նաև Արթուր Մովսիսյանը:
Նախաքննությամբ հիմնավորվել է, որ վերը նշված հանցավոր մտադրությունը իրագործելու համար 2015 թվականի նոյեմբերին կազմակերպված խմբի անդամների կողմից ապօրինի ձեռք են բերվել հրազեն հանդիսացող «AK-74» տեսակի երկու ինքնաձիգ և ռազմամթերք հանդիսացող 5.45մմ տրամաչափի 120 մարտական փամփուշտ: Մինչև շենքերն ու շինությունները զավթելու մասին Ժիրայր Սեֆիլյանի կողմից հրահանգ տալը, կազմակերպված խմբի անդամները հիշյալ հրազենն ու ռազմամթերքը ապօրինի փոխադրել և պահել են տարբեր վայրերում: Կազմակերպված խմբի անդամներ Գալուստ Գրիգորյանը և Ներսես Պողոսյանը 2016թ.-ի հունվարին որոշել են նշված իրերը տեղափոխել և թաքցնել առավել անվտանգ վայրում: Դրա շուրջ նախնական համաձայնության են եկել խմբի մյուս անդամ Արթուր Մովսիսյանի հետ և հրազենն ու ռազմամթերքն ապօրինի փոխադրել և պահել վերջինիս` Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում գտնվող ամառանոցի նկուղում:
Երևանի գլխավոր հեռուստաաշտարակի վրա զինված հարձակում կատարելու հրահանգը հետաձգվելուց որոշ ժամանակ անց, կազմակերպված խմբի անդամները սպասել են Ժ. Սեֆիլյանի` Նուբարաշենի վարչական շրջանում տեղակայված զորամասերի վրա զինված հարձակում կատարելու վերաբերյալ նոր հրահանգին, սակայն կազմակերպված խմբի մի քանի անդամներ, գիտակցելով հանցագործությունն ավարտին հասցնելու անհնարինությունը, դժկամություն են հայտնել Ժ. Սեֆիլյանի ծրագրին մասնակցելու կապակցությամբ և կամովին հրաժարվել ինչպես խմբին անդամակցելուց, այնպես էլ զինված հարձակում իրագործելուց:
Դրանից հետո` 2016 թվականի մայիսին, Հովհաննես Պետրոսյանը Արթուր Մովսիսյանի ամառանոցի նկուղի` վերջինիս մատնանշած տեղից փոխադրել ու Հրայր Թոփչյանին է հանձնել 2 ինքնաձիգն ու 120 փամփուշտը: Հ. Թոփչյանը նշված իրերը Ժ. Սեֆիլյանին վերադարձնելու նպատակով` նույն օրը, դրանք ապօրինի փոխադրելիս, ենթարկվել է ավտովթարի, բացահայտվել ու բերման է ենթարկվել ոստիկանություն:
Արթուր Մովսիսյանը քրեական գործի նախաքննության ընթացքում որպես մեղադրյալ է ներգրավվել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում` ՀՀ-ից բացակայելու կապակցությամբ:
07.05.2017թ.-ին Արթուր Մովսիսյանը հայտնաբերվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին: Նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով /ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից/: Դատարանի որոշմամբ 08.05.2017թ.-ին վերահաստատվել է նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը:
Արթուր Մովսիսյանի վերաբերյալ անջատված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: