Հարկերը նախատեսվածից ավելին են եղել
2016 թվականին եկամուտների կառուցվածքում որոշակի փոփոխություն է տեղի ունեցել` հարկային եկամուտների տեսակարար կշիռը մեծացել է. խորհրդարանում «Հայաստանի Հանրապետության 2016 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը: «2016 թվականի արդյունքներով հարկային եկամուտների տեսակարար կշիռը կազմել է 92 տոկոս: Հարկերի և տուրքերի մասով բյուջեն համալրվել է 1 տրիլիոն 80 մլրդ դրամի չափով, որը ՀՆԱ-ի 21.3 տոկոսն է կազմում`նախատեսված 20.7 տոկոսի փոխարեն», – ասաց նա: Փոխնախարարը նշեց, որ հարկային երկամուտների հիմնական մասը կազմել է ԱԱՀ ուղղութամբ դրամական մուտքը`391 մլրդ դրամ, որը կազմում է հարկային եկամուտների 36.2 տոկոսը: «Հաջորդն իր մեծությամբ եկամտային հարկի բյուջեն է, որը 332.7 մլդ դրամի մուտք է արձանագրվել 30.8 տոկոսը: Իր նշանակալիությամբ հաջորդը շահութահարկն է, որի մուտքը 127.2 մլրդ դրամ է կազմել կամ 11.8 տոկոս», – ընդգծեց Ա. Ջանջուղազյանը:
Նա նշեց, որ հարկերն ավելի են եղել, քան ծրագրավորված է եղել, հարկային եկամուտների հիմնական մասը համալրվել է ավելացրած արժեքի հարկով:
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն անցած տարում 50.5 միլիարդ դրամ է ծախսել, ՏՄՊՊՀ-ը՝ 332 միլիոն դրամ, Կադաստրի պետական կոմիտեն՝ 3.4 միլիարդ դրամ, Ջրային տնտեսության պետական կոմիտեբ՝ 33.2 միլիարդ դրամ: