Փորձում են «լռեցնեն» Միայնակ գայլին.մանրամասնում է փաստաբանը
«Ես չեմ ցանկանում պատասխանել ՔԿՎ-ին, որովհետև ցանկացած դեպքում, երբ մենք ինչ-որ իրավիճակ ենք արձանագրում՝ ՔԿՎ-ն արագ արձագանքում է , այնպիսի տպավորություն է, որ իրենք ուզում են վերջին պատասխանը իրենցը լինի, սակայն ես ակնկալում եմ, որ իրենք հանրությանը պետք է մի շարք հարցերի մասով տեղեկություններ տրամադրեն»,-Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով այսօր՝ հունիսի 26-ին ՔԿՎ-ի տարածած հայտարարությանը, ասաց «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արայիկ Խանդոյանի (Միայնակ գայլ) պաշտպան՝ Արայիկ Պապիկյանը:
«Օրինակ, թող պատասխանեն՝ գիշերվա ընթացքում արգելված իրը, որը հայտնաբերվեց, ծառայողական քննությունը ի՞նչ արդյունք տվեց: Ասում են Արայիկ Խանդոյանը ևս երկու նկատողություն ունի, թող ասեն ի՞նչ պարզեցին: Չեմ բացառում, որ Արայիկ Խանդոյանին ՔԿՀ տանելիս մի շարք թղթեր են ստորագրել տվել:Ներքին կանոնակարգ կոչվածը այլ բան է, չի բացառվում, որ նրան կարդալու համար թուղթ չեն տվել ու նրա ստորագրելը միայն ձևական բնույթ է կրել: Իրենց արածը մանկական խաղի նման է՝ վերջինը ես խփեցի վիճակով»,-նշեց Արայիկ Պապիկյանը:
Պապիկյանի խոսքով՝ Խանդոյանի պատժախցում մնալու ժամկետը երեկ է լրացել:
«Նա այս ամենին շատ հանգիստ է վերաբերվում, առաջին դեպքը չէր, որ իր նկատմամբ ինչ-որ սահմանափակումներ էին անում: Անընդհատ տարբեր խնդիր է եղել, սակայն այսպես չենք բարձրաձայնել, այսինք ավելի վատ սահմանափակումների վիճակում է եղել Արայիկ Խանդոյանը, բայց մենք լռել ենք: Հերթական սահմանափակման ձևն է ուղղակի սա` շատ լավ դրսևորման ձևով արեցին, նիստից առաջ լռեցնելու համար»,-ընդգծեց Արայիկ Պապիկյանը:
Պապիկյանի խոսքով` ՔԿՀ-ի վարչության վերջին հաղորդագրությամբ`հունիսի 20-ին Արայիկ Խանդոյանի մոտ խուզարկություն են արել և ոչինչ չի հայտնաբերվել.«21-ի առավոտյան , այսինքն` գիշերվա ընթացքում նրա մոտ հարազատներ չեն գնացել, փաստաբան չի գնացել, որևէ մեկի հետ չի շփվել, բայց նախորդ օրվա խուզարկությամբ ոչինչ չկա, հետո առավոտյան խուզարկությամբ` կա :Թող ՔԿՎ-ն այս հարցերն էլ պարզաբանի»,-եզրափակեց Արայիկ Պապիկյանը:
Ավելի վաղ հայտնել ենք, որ ՔԿՎ-ն տարածել է հաղորդագրություն, որտեղ նշվել է, որ Արայիկ Խանդոյանն իրազեկված է եղել գումար ունենալու արգելքի մասին և նրան պատժախուց տեղափոխելու համար այլ հիմնավորումներ են ներկայացվել: