Պետական պակասուրդի աճն ազդել է պետական պարտքի վրա
Հայաստանի տնտեսության ակտիվությունը 2016թ. դանդաղել է՝ պայմանավորված գյուղատնտեսության և շինարարության ճյուղերի իրական ծավալների նվազմամբ. այսօր 2016 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ ասաց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Տարվա ընթացքում տնտեսական աճը կազմել է 0.2 տոկոս նախորդ տարվա 3.2 տոկոսի և տարվա համար կանխատեսված 2.2 տոկոս ցուցանիշի դիմաց:
«2016թ. մասնավոր ներդրումների միջավայրը շարունակել է թույլ մնալ, մինչդեռ մասնավոր սպառման մասով նկատվել են աճի վերականգման միտումներ: 2016թ. ցածր գնաճային միտումները նպաստել է գնաճային սպասումների նվազմանը, ինչն արտացոլվել է շուկայական տոկոսադրույքների մակարդակում: Նվազել է ինչպես պետական պարտատոմսերի եկամտաբերությունը, այնպես էլ վարկավորման տոկոսադրույքները: Հարկաբյուջետային ընդհանուր քաղաքականությունը իրականացվել է և պետական սպառման և պետական կապիտալ ներդրումների աճի ուղղությամբ, որի արդյունքում 2016թ. պետբյուջեի պակասուրդը ՀՆԱ-ում 2 տոկոսային կետով գերազանցել է տարվա համար նախանշնված մակարդակը՝ կազմելով ՀՆԱ-ի 5.5 տոկոսը»,-նկատեց նա:
2016թ. տնտեսական աճին շարունակել է հիմնականում նպաստել զուտ արտահանումը՝ շնորհիվ ներմուծման նկատմամբ արտահանման զգալի առաջանցիկ աճի:«Այսպիսով, 2016թ. ընթացքում տնտեսական ակտիվության բացասական հետևանքները մեղմելուն ուղղված պետական բյուջեի ծրագրված ծախսերի համեմատաբար բարձր կատարողական և եկամուտների ծրագրված մակարդակի ավելի ցածր կատարողական պայմաններում պետբյուջեի պակասուրդը կազմել է 278 միլիարդ դրամ՝ նախատեսված 180 միլիարդ դրամի դիմաց: