ՀՀ Ազգային ժողովի եւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության միջեւ ստորագրվել է նամակ-համաձայնագիր
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը եւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը հունիսի 23-ին ՀՀ Ազգային ժողովի Ոսկեզօծ սրահում ստորագրել են նամակ-համաձայնագիր, որով նախատեսվում է իրականացնել ՀՀ Ազգային ժողովի կարողությունների զարգացմանն ուղղված ծրագիր:
ՀՀ Ազգային ժողովի ծրագիրն անմիջականորեն կիրականացվի Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի կողմից:
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը համաձայնագրի ստորագրումից հետո նշել է. «Այսօր մենք ստորագրեցինք մի կարեւոր փաստաթուղթ, որը նոր որակի համագործակցության մեկնարկ է: ՀՀ Սահմանադրությամբ ՀՀ Ազգային ժողովին վերապահված լիազորությունները եւ խորհրդարանի դերի բարձրացումը ենթադրում են օրենսդիր մարմնի գործառույթների ընդլայնում, մշտական հանձնաժողովների եւ աշխատակազմի կարողությունների կատարելագործում»: Արա Բաբլոյանը, կարեւորելով լավագույն փորձի ուսումնասիրությունն ու կիրառումը, նշել է, որ խորհրդարանը բաց է համագործակցության համար, եւ առաջիկայում համատեղ ջանքերով մշակվելիք ծրագրերը կիրականացվեն:
Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթն իր խոսքում ընդգծել է, որ Միացյալ Թագավորությունը, ունենալով խորհրդարանական կառավարման երկարամյա փորձ, ողջունում է Հայաստանում ընթացող սահմանադրական փոփոխությունները, որոնց նպատակը երկիրը խորհրդարանական կառավարման հանրապետություն դարձնելն է:
Դեսպանի խոսքով՝ այս համաձայնագրի ստորագրումը հնարավորություն է տալիս սերտ կապեր հաստատելու երկու խորհրդարանների միջեւ՝ խորհրդարանական վերահսկողության մեխանիզմները եւ աշխատակազմի կարողությունները զարգացնելու համար: