Էքստրասենսի սպանության գործում նորություններ կան
Երևանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործով դատական նիստիը:
Ամբաստանյալ Մուշեղ Մխիթարյանը դատարանին միջնորդել է իրեն հանրային պաշտպան տրամադրել:
Դատարանը բավարարել է ամբաստանյալի միջնորդությունը և գրություն ուղարկել Հանրային գրասենյակին Մուշեղ Մխիթարյանին պաշտպան տրամադրելու համար:
Այսօրվա նիստին դատարանը հրապարակվել է քրեական գործով իրեղեն ապացույցները:
Հրապարակվել են գործով առանցքային վկա, արդեն մահացած Աննա Միսակյանի հարցաքննությունից հատվածներ, ըստ որոնց` Աննա Միսակյանին ցույց է տրվել ամբաստանյալ Մուշեղ Մխիթարյանի բնակարանից հայտնաբերված դանակն ու գրտնակը, որոնք վկան ճանաչել է եւ հայտարարել, որ Մուշեղ Մխիթարյանը դեպքի օրն իր հետ է վերցրել, որոնք էլ հետագայում նրա պայուսակում են մնացել:
Սպանված էքստրասենսի համակարգչի էկրանի վրա հայտնաբերվել է նաեւ «Ես եմ» անունով պատուհան, որի մեջ եղել են ընտանեկան լուսանկարները, Մուշեղ Մխիթարյանի լուսանկարներն ու Անի Մաջնունյանին ուղարկված նամակները:
Դատական նիստը հետաձգվել է :
Հիշեցնենք, որ 2015թ. օգոստոսի 5-ին Երեւանի Մազմանյան 5 շենքի թիվ 20 բնակարանում հայտնաբերվել է «6-րդ զգայարան» հաղորդաշարի էքստրասենս, 53-ամյա Անի Մաջնունյանի դին՝ բազմաթիվ ծակած-կտրած վնասվածքներով:
Սպանության մեջ մեղադրվում է 21-ամյա Մուշեղ Մխիթարյանը, որին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն` զուգորդված ավազակությամբ): Նա կալանավորված է, չի ընդունում իր մեղքը:
Նշենք, որ գործով առանցքային վկա Աննա Միսակյանը Մուսալեռում հունվարի 8-ին ամուսնու եւ 4-ամսական երեխայի հետ բնակարանում մահացած էր հայտնաբերվել: Մուշեղ Մխիթարյանն հայտարարել էր, որ առանցքային վկայի մահը պատահականություն չէ: