Ինչու է վարչապետի հրաժարականի հարցը բերվում օրակարգ
Ազգային ժողովում շարունակվում է Կառավարության՝ 2017-2022 թվականների ծրագիրը: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանը ելույթում նշեց, որ այս ծրագիրը համընդգրկուն է, իր կառուցվածքով էապես տարբերվում է նախորդ բոլոր ծրագրերից: «Յուրաքանչյուր կառավարություն ինքն է որոշում ծրագրի ծավալը, դա քաղաքական ճաշակի հարց է»,-ասաց նա ու նշեց, որ շատ կարևոր է նկատել, որ քաղաքական ծրագրում առկա է բավական քաղաքակամ կամք ու հենարան այս ծրագրի իրագործման համար:
Ապա Կորյուն Նահապետյանը հիշեցրեց երեկ այս դահլիճում հնչած մի քանի հարցերը, թե ուր է էքսպրեսիան, ուր է էմոցիան, ով է լինելու վարչապետ 2018 թվականից հետո: Այդ հարցադրումներն, ըստ պատգամավորի, լայն ժպիտներ առաջացրին: «Որովհետև նման հարցադրումները զուրկ են քաղաքական տրամաբանությունից: Յուրաքանչյուր հարց իր ժամանակին ունենալու է հստակ պատասխան, ակնհայտ է, որ Կառավարության ծրագիրն իր հիմքում ունի Ազգային ժողովում ձևավորված այն արդյունքը, որ մենք այսօր տեսնում ենք ու 5 տարվա կտրվածքով իրականացբնելու ենք քաղաքական ծրագիր»:
Նա նշեց, որ այս անցումային շրջանը պետք է սահուն ձևով անցնել առանց քաղաքական ցնցումների՝ որևէ կերպ չվտանգելով երկրի կայունությունն ու անվտանգությունը:
Նա հիշեցրեց, որ ՀՀ նախագահն Ազգային ժողովում իր ելույթում նախանշեց ավելի երկարատև ժամկետներ, և էական չէ, թե ով է լինելու վարչապետը օրինակ՝ 2040 թվականին, էականն այն է, թե ինչպես է իրականացվելու ծրագիրը: «Հետևաբար այդ հարցադրումը ժամանակավրեպ է, այն քաղաքական օրակարգ է բերվում՝ ինտրիգներ ստեղծելու համար»,-ամփոփեց Կորյուն Նահապետյանը: