Երկրում ամենից շատը Ձեզ են պոպուլիզմի համար մեղադրում. Մարուքյանը՝ վարչապետին
«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ շարունակեց իր հարցը, թե, ի վերջո, ով է լինելու վարչապետ 2018 թվականից հետո:
Ապա նա հիշեցրեց, որ վարչապետ Կարեն Կարապետյանն ասել է, թե պետք է պայքարել պոպուլիզմի դեմ: «Երկրում ամենից շատը Ձեզ են պոպուլիզմի համար մեղադրում, հիմա 43% ձայն եք հավաքել Ձեր պոպուլիզմի համար, էտ էլ անցավ, էլ չեն հավատում»,-ասաց նա: Մարուքյանի խոսքով՝ վարչապետության շրջանում ոչ մի գյուղ Կարեն Կարապետյանն այնպես չի արել, որ չդատարկվի, բայց փոխարենը Երևանում գյուղ է ուզում ստեղծել: «Ինչի՞ համար, արտագա՞ղթն է կանգնելու, թե՞ տնտեսությունն է զարգանալու»,-ասաց նա:
Ըստ պատգամավորի՝ այսքան ժամանակ տեղյակ էլ չի, թե վարչապետի տեսլականը ՀՀ արտաքին քաղաքականության մասին ինչպիսին է, եթե իհարկե վարչապետը պատրաստվում է շարունակել մնալ իր պաշտոնին: Էդմոն Մարուքյանը հիշեցրեց՝ վարչապետն այս ամիսների ընթացքում ոչ մի անգամ արևմտյան երկրներ չի այցելել: «Մի հատ արևմտյան այց չի կազմակերպվել Ձեզ համար, և հարց է՝ փորձե՞լ եք, չի՞ եղել, թե՞ չեք էլ կազմակերպել: Այս հարցերը կարևոր են ու մտահոգիչ: Ի՞նչ է արվում, որ ներդումները գան, այդ մարդկանց ո՞վ պետք է համոզի»,-ասաց նա:
«Ելք» պատգամավորի խոսքով՝ բոլոր այցերը ԵՏՄ-ական են, մինչդեռ այսօր ԵՏՄ շրջանակներում է ՀՀ քաղաքացիների շահերը ոտնահարվում: «ՀՀ վարորդական իրավունքով հնարավոր չէ ՌԴ-ում ծառայություններ կամ ազատ տեղաշարժ իրակացնել, ինչո՞ւ չեք պաշտպանում, պարո՛ն վարչապետ: Կարմիր լույսի տակ անցնելու համար մարդկանց դեպորտ են անում, պատկերացնո՞ւմ եք, եթե Գերմանիայում Բելգիայի քաղաքացուն դեպորտ անեն»,-ասաց նա: