Մավրն արել է իր գործը, մավրը պետք է հեռանա. Փաշինյանը՝ վարչապետին
«Կառավարության ծրագիրը ներկայացված է այն ժամանակաշրջանի համար, երբ լինելու է «իշխանության տրանսֆորմացիան»: 2018-ի ապրիլից ուժի մեջ է մտնելու կառավարման խորհրդարանական մոդելը, քաղաքական գլխավոր հարցը հետևյալն է՝ արդյոք վարչապետ Կարեն Կարապետյանը հավակնում է թիվ մեկ պաշտոնյայի՝ վարչապետի կարգավիճակում լինել։ Խաչաձև հարցման արդյունքում Կարեն Կարապետյանն ասաց, որ պատրաստ է լինել վարչապետ, սա ինչ-որ պատասխան է, բայց ընդամենը 10 տոկոսով է։ Ի՞նչ է լինելու եթե պարզվի, որ Սերժ Սարգսյանն էլ պատրաստ է այդ կարգավիճակին կամ պատրաստ է, որ օրինակ Վիգեն Սարգսյանը ստանձնի այդ պաշտոնը»,-այսօր խորհրդարանում Կառավարության ծրագրին հավանություն տալու հարցիկ քննարկման ժամանակ ասաց ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
Վերջինս նկատեց՝ մայիսի 18-ին խորհրդարանում հնչեցված նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ոչ թե «հեռացող նախագահի ելույթ էր, այլ մոտեցող վարչապետի», իսկ կարմիր թելի նման հստակ անցնում են իշխող ՀՀԿ-ականների ակնարկները, որ վարչապետի պաշտոնում տեսնում են Սերժ Սարգսյանին։ «ՀՀԿ խոսնակն ասում է՝ Կառավարության ծրագիրը հիմնված է այս, այն ելույթի վրա, նույնիսկ վարչապետի անունը չտվեց։ Գործող վարչապետը 2017-ի ընտրություններից առաջ ՀՀԿ-ի շարքերը մտնելով, իր նոր կերպարով, նոր անձի ֆակտորով պոզիտիվ ֆոն ստեղծեց Սերժ Սարգսյանի վերարտադրման համար»,-ասաց Փաշինյանը՝ ընգծելով, որ Կարեն Կարապետյանը մեծ ներդրում ունեցավ նաև խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ։
Ըստ պատգամավորի՝ այժմ Կարեն Կարապետյանը կանգնած է «քաղաքական ֆիասկոյի առջև», Փաշինյանը ցույց տալով ձեռքի ափը հայտարարեց, որ մատների վրա կարելի է հաշվել Կարեն Կարապետյանի թիմակիցներին․ «Այս ամեն ինչ շատ նման է նրան, որ ոչ թե Կարեն Կարապետյանի Կառավարության ծրագրի հաստատմանն ենք ներկա, այլ Կարեն Կարապետյանի՝ հրաժեշտի մեկնարկի գործընթացին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀԿ-ականների ակնարկները նման են «մավրն արել է իր գործը, մավրը պետք է հեռանա»։
Փաշինյանի խոսքով՝ կարևոր է վարչապետը երկու հարցի հստակ պատասխանի՝ արդյոք ինքը պատրա՞ստ է Սերժ Սարգսյանի կամ Վիգեն Սարգսյանի Կառավարությունում Տարածքային կառավարման կամ Ֆինանսների նախարար լինել»,-հարցրեց նա։
Նա ՀՀԿ-ին հարցրեց՝ էլ ո՞վ է ձեզնից պատրաստ լինել վարչապետ։ Տեղից արձագանքեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ կոչ անելով, որ «Ելք»-ն իր թեկնածուի մասին մտածի։ Փաշինյանն արձագանքեց, որ երբ ժամանակը գա, կասեն իրենց թեկնածուի անունը, ապա հավելեց, որ քննարկումն իմաստ կունենա այն ժամանակ, երբ Կարեն Կարապետյանը հստակեցնի՝ ինչ պայմանավորվածություն ունի Սերժ Սարգսյանի հետ։