«Հանրապետականը» տենց բնավորություն ունի. նախկին վարչապետի եղբայրական հորդորը՝ գործողին
«Ելք» խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը Կառավարության ծրագրի վերաբերյալ ելույթն այսպես սկսեց. «Ես շնորհավորեցի վարչապետին Կառավարության ծրագիր ներկայացնելու հնարավորության համար: Ուզեցա ներկայացնել իմ ներկայությամբ, որ ես այդ հնարավորությունը չեմ ունեցել: «Հանրապետականը» տենց բնավորություն ունի, սա եղբայրական կամ բարեկամական հորդոր»:
Ապա նա հիշեցրեց, որ հարց առաջացավ, թե ում ծրագիրն է սա, հնչեց տեսակետ, որ սա քաղաքական մեծամասնության ծրագիրն է: «Գուցե ես ճիշտ չեմ, բայց ես համարում եմ, որ սա մասնավորապես Կարեն Կարապետյանի ծրագիրն է, այդ պատճառով էլ ինքն է այդ ծրագիրը պատրաստել, ինքն է ելույթ ունենում, ինքն է պատասխանում հարցերին: ՀՀ բնակչության 90 տոկոսից ավելին, վստահեցնում եմ ձեզ, իմ պես սխալվում է»,-ընդգծեց նա:
Ծրագիրն ուսումնասիրելուց հետո Արամ Սարգսյանն ինքն իրեն հարց է տվել՝ իմաս՞տը: Ըստ նրա՝ նախկինում գործած սխալներից, թերություններից մենք դաս չենք քաղել: «Ու բնական է, որ հենց այդպես էլ պիտի լիներ, որովհետև էս երկրի առաջին նախագահը չգիտես ինչու ստորագրում է բազային պայմանագիր, որը 25 տարով երկարաձգվում է, որի համար մի բան էլ մենք ենք վճարում, երկրորդ նախագահը փասատթուղթ է ստորագրում գույք պարտքի դիմաց, և կատարում է միայն գույք տալու հատվածը, իսկ մեր նկատմամբ պարտավորությունները չեն կատարվում, երրորդ նախագահը մտնում է Եվրասիական միություն, որի հետ ոչ ընդհանուր սահման ունենք ու այնտեղի երկրների հետ էլ ընդհանուր շահեր չունենք, իսկ մեր գործընկերն էլ շարունակում է զենքի վաճառքը մեր թշնամի երկրին»,-թվարկեց «Ելքի» պատգամավորը:
Սպասելիքներն այլ են եղել, որ պիտի խոսվեր վերականգնվող էներգետիկայի մասին, Իրանի հետ գազամուղի մասին, ատոմակայանի մասին:
Ապա անդրադառնալով ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շամազանովի ելույթի այն հատվածին, թե այս ծրագիրը հիմնված է նախագահ Սարգսյանի խորհրդարանական ելույթի, ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի ծրագրերի վրա՝ Արամ Սարգսյանն ասաց. «ԱԺ փոխնախագահ Շարմազանովի ելույթից հասկացա, որ հակադարձեց, իմ կարծիքով, գործող վարչապետի այն խոստմանը, որ ինքը բարեխոսողներից չի, հակադարձեց, որ չէ, որոշողը մենք ենք, և եկա այն հետևության, որ Կառավարության այս ծրագիրն էլ 7 ամսվա ճակատագիր ունի, և ես այդպիսի վերաբերմունք էլ ունեմ»: