Բանավեճ է, ինչը ողջունելի և ողջամիտ է. Կոստանյանը՝ Սվիտալսկուց
«Ես կարող եմ այդ առաջարկի վերաբերյալ իմ կարծիքը հայտնել այն դեպքում, երբ որ տեսնեմ, թե այդ առաջարկի համար ինչ հիմքեր է ունեցել դեսպանը, ինչու է ինչ-որ տեղեկատվության վերլուծության արդյունքում հանգել այն եզրակացության, որ խնդիրը ԿԸՀ-ում քաղաքացիական հասարակության բացակայությունն է»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության անդամ Գևորգ Կոստանյանը՝ անդրադառնալով Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկու քննադատություններին, մասնավորապես այն առաջարկին, թե ԿԸՀ-ն ավելի արժանահավատ դարձնելու համար պետք է ԿԸՀ կազմում ընդգրկել քաղհասարակության ներկայացուցիչներ:
Ինչ վերաբերում է ԿԸՀ արժանահավատության խնդիրներին, Գ. Կոստանյանն ասաց. «Ընդհանրապես, որևէ պետական մարմնի, առավել ևս անկախ պետական մարմնի անկախության, ինքնուրույնության, հետևաբար նաև արժանահավատության խնդիրը երկու ձևով է լուծվում: Առաջին՝ ինստիտուցիոնալ տեսակետից, այսինքն օրենքով ստեղծվում են այնպիսի երաշխիքներ, մեխանիզմներ, որոնք ապահովում են այդ մարմնի անկախությունը, անաչառությունը, գործունեության ազատությունը, ինչն իր հերթին մեխանիկորեն հանգեցնում է արժանահավատությանը: Երկրորդ՝ արդեն սուբյեկտների կազմի տեսակետից, ովքեր ինքնին արժանահավատություն են ներշնչում: Մեր երկրում, ես խորին համոզմունք ունեմ, որ ԿԸՀ կազմավորման կարգը, մեր օրենսդրության դրույթները, ինստիտուցիոնալ անկախության երաշխիքները բացարձակ իմաստով ապահովում են: Եթե դա հասարակական ընկալման տեսակետից արժանահավատություն չի ներշնչում, որի հիմքերը ես չունեմ, ես ինքս վերլուծելով՝ դա չունեմ, իսկ Սվիտալսկու հայտարարությունն իր հիմքերն էլ չունի, որ հիմա գնահատական տամ»:
Նա նաև նշեց. «Իսկ ով է ասում, որ Սվիտալսկին դիտողություն է արել, կարծիք է հայտնել: Դրանք կարծիքների փոխանակում են»: Հարցին, թե դեսպանը հիշեցրեց ֆինանսական աղբյուրները որտեղից են գալիս և ասաց, որ իրավունք ունի անել դիտողություններ, առաջարկներ, պատգամավորն ասաց. «Եվրամիության հետ տարբեր տարիներին միշտ բազմաթիվ քննարկումներ են եղել, հիմա էլ կան քննարկումներ, այդ թվում նման փոխօգնության, տարբեր ծրագրերի իրականացնելու առումով Եվրոպայի խորհրդի, ՄԱԿ-ի հետ: Բոլոր միջազգային կառույցների հետ միշտ էլ լինում են նման քննարկումներ»: Պատասխանելով հարցին, թե ՀՀ- ԵՄ հարաբերությունները չեն փչանա՞ այս միջադեպի պատճառով, Գ. Կոստանյանն ասաց.
«Կարծում եմ՝ դուք եք դրան մեծ նշանակություն տալիս՝ որակելով որպես միջադեպ: Ես կարծում եմ, որ դրանք կարծիքների փոխանակում են, դիրքորոշումների արտահայտման եղանակ են: Բանավեճ է, ինչը ողջունելի և ողջամիտ է»: Պատգամավորը նաև հիշեցրեց, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, որն իր մեջ ներառում է նաև ընտրական հանձնաժողովների կազմավորումը, տեղի են ունեցել Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ քննարկումների, համապատասխան եզրակացությունների հիման վրա: