28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Ինչո՞ւ եք այդքան անհավես. Մարուքյանը՝ վարչապետին

Կառավարության՝ 2017-2022 թվականների ծրագրի քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց. «Իրապես զարմացած եմ Ձեր անհավես, անէսքպրեսիա ներկայացնելու վրա: Դուք այսպիսին չէիք, երբ առաջին անգամ ներկայացնում էիք: Ինչո՞ւ եք այդքան անհավես, եթե վստահ չեք, ո՞նց եք մեզ համոզելու: Այնպիսի տպավորություն է, որ Ձեզ քիչ առաջ ասել են, որ էլ չեք լինելու վարչապետ»,-ասաց նա:

Մարուքյանը նաև նշեց, որ երկիրը փոփոխությունների սպասումների մեջ է: Ապա նկատեց, որ  այստեղ ամենակարևոր հարցն այն է, թե ով պիտի լինի վարչապետ 2018 թվականից հետո, և տպավորություն է, որ Կարեն Կարապետյանի գիտի, որ ինքը չի լինելու, և հենց այդ պատճառով էլ վարչապետն այսքան անհավես է:

«Ելքի» պատգամավորը նաև դժգոհեց, որ վարչապետը իրենց խմբակցության հետ չի հանդիպել՝ քննարկելու Կառավարության ծրագիրը:

«Անհավես չեմ ու չգիտեմ՝ ոնց անեի, որ նման տպավորություն չթողնեի, անհամաձայն եմ Ձեզ հետ այս հարցում»,-այսպես իր պատասխանն սկսեց Կարեն Կարապետյանը: Ինչ վերաբերում է հարցին, թե լինելու է վարչապետ, թե ոչ, նա հիշեցրեց՝ բազմիցս պատասխանել է այդ հարցին, ապա հորդորեց ուշադրություն դարձնել, որ ծրագիրը 2017-2022 թվակաների համար է, ինչն արդեն իսկ պատասխան է ենթադրում այդ հարցին:

Իսկ «Ելքի» հետ չհանդիպելու հետ կապված նա ճշգրտում արեց. «Նախաձեռնողը ես եմ եղել, զանգահարել եմ ԱԺ նախագահին ու ասել, որ ցանկություն ունեմ հանդիպել, երեկ ժամը 18:00-ին եկել եմ, զարմացա, որ «Ելք» դաշինքը չկար, բայց ժամանակ չունեմ, ցանկություն չունեմ հանդիպելու, նման ձևակերպումներ չեն եղել»,-հավելեց նա:

Պատգամավորը շարունակեց, որ իրենց հետ հանդիպելու պայմանավորվածություն չի եղել ժամը 18:00-ին, իրենց ասվել է, որ վարչապետը ցանկանում է  հանդիպել «Ծառուկյան» դաշինքի ու «Ելքի» հետ միասին, իրենք ցանկացել են, որ վարչապետն իրենց խմբակցության հետ առանձին հանդիպի, և արդյունքում հանդիպել է միայն «Ծառուկյան» խմբակցության հետ: Նա մեղադրեց Կարեն Կարապետյանին սխալ տեղեկատվություն ներկայացնելու մեջ: Նա հորդորեց պատասխան իր կարևոր հարցին. «Դո՞ւք եք լինելու վարչապետը, թե՞ ոչ, ասեք, իմանանք՝ ում հետ ենք գործ ունենալու»:

Վարչապետը պատասխանեց, որ կապ չունի, թե ով է լինելու վարչապետը 2018 թվականից հետո, կարևորն այս է, որ այս պահին ինքն է վարչապետը, իր հետ է խոսում պատգամավորը: Նա պնդեց, որ Մարուքյանի հարցադրումը սխալ է, թե ինքը չի ցանկացել հանդիպել: «Նման բան չի եղել: Եթե ցանկություն կա, դեռ 2 օր կա, կարող ենք հանդիպել»,-հավելեց Կարեն Կարապետյանը:

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը փորձեց պարզաբանել՝ ասելով, թե առաջարկվել է, որ 2 դաշինքների հետ միաժամանակ հանդիպում լինի, որից հետո «Ելքը» մերժել է:

«Սխալ տեղեկություններ չհրապարակեք»,-տեղից գոռաց «Ելքի» ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

«Ես գերադասում եմ մարդկային հարաբերությունները քաղաքական հարաբերություններից, դուք ինձ ասացիք, որ մենք չենք հանդիպի փոխվարչապետի հետ, խնդրում ենք ապահովել վարչապետի ներկայությունը քննարկումներին, ես ասացի՝ շատ լավ, ընդունում եմ ձեր առաջարկը, որովհետև տրամաբանական է»,-շարունակեց Արա Բաբլոյանը:

Վերջինս նշեց, որ երբ ինքը վարչապետի հետ համաձայնեցրել է այդ հանդիպումը, «Ելքն» արդեն մերժել է: «Շատ ճիշտ է, որ վարչապետը պիտի դիմի ԱԺ նախագահին, եթե որևէ խմբակցություն դրան դեմ է, ես կարող եմ օգնականիս էլ ասել, որ բանակցի:

Թյուրիմացություններ թող չլինեն: Երբ ես ասացի, որ վարչապետը գալիս է, Դուք ասացիք, որ կքննարկեք գործընկերների հետ, ապա մերժեցիք»,-նշեց Արա Բաբլոյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ