Ի՞նչ նկատի ուներ Սվիտալսկին. հարց դեսպանին
Չանցավ գրեթե մեկ շաբաթ, երբ Հայաստանի իշխանությունները ուղիղ տեքստով հասկացրեցին Հայաստանում Եվրոպական Միության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին, որ վերջինս պետք է զբաղվի դիվանագիտությամբ, այլ ոչ թե խառնվի այն երկրի ներքին գործերին, որտեղ դիվանագիտական աշխատանք է ծավալում, երբ դեսպան Սվիտալսկին նոր հայտարարությամբ հանդես եկավ, որ ԵՄ-ն 7 մլն եվրո է տրամադրել Հայաստանի ընտրական համակարգի զարգացման համար: Դեսպանը նշեց նաև, որ, եթե ՀՀ իշխանություններն այլևս չունեն իրենց աջակցման կարիքը, իրենք չեն պարտադրի իրենց ներկայությունը: Կուզենայի դիմել անձամբ դեսպանին և հարցնել` արդյո՞ք իր խոսքերը, կապված ֆինանսական աջակցման մասին, չեն նշանակում, որ իրենք գումար են տվել և իրավունք ունեն խառնվել Հայաստանի ներքին գործերին:
Պարոն Սվիտալսկին կարծես թե հանդես է գալիս Հայաստանի հասարակության իրազեկման համար` հիմնավորելով այն փաստը, որ ԵՄ-ն գումար է տվել Հայաստանին, և այդ իսկ պատճառով իրենք վարում են նման քաղաքականություն: Երբ դեսպանը նշում է, որ ԵՄ-ն չի պարտադրի իր ներկայությունը, եթե ՀՀ իշխանություններն այլևս չունեն իրենց աջակցման կարիքը, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ԵՄ պատվիրակության ղեկավարը ասում է հետևյալը.
«Դուք ստացել եք մեր աջակցությունը և հիմա դժգոհում եք, որ մենք խառնվում ենք ձեր ներքին գործերին: Եթե չեք ուզում նման «աջակցություն», ապա մենք ընդհանրապես կարող ենք չհամագործակցել»: Առնվազն տարօրինակ էր ԵՄ պատվիրակության ղեկավարի այս հայտարարությունը: Զարմանալի է, որ Եվրոպական Միությունը տեսնում է Հայաստանի հետ համագործակցության միայն այդպիսի ձևաչափ:
Արման Ղուկասյան` Միջազգային հումանիտար զարգացման ՀԿ-ի ղեկավար