Որտեղ է երկնքի արքայությունը
«Երկնքի արքայությունը նման է մանանեխի հատիկի…Այն փոքր է, քան բոլոր սերմերը. սակայն երբ աճում է…ծառ է լինում՝ այն աստիճան, որ երկնքի թռչունները գալիս են ու նրա ճյուղերի վրա հանգստանում։ …Երկնքի արքայությունը նման է թթխմորի, որ մի կին առնելով դրեց երեք չափ ալյուրի մեջ, մինչև որ ամբողջը խմորվեց»: (Մատթեոս 13:31-33)
Երկնքի արքայությունը Քրիստոս ներկայացնում է մանանեխի հատիկի և թթխմորի օրինակով։ Երկու դեպքում էլ խոսքը փոքրի մասին է, որը հնարավորություն ունի աճելու։ Այդ աճը և՛ ներքին է՝ ինչպես սերմը, որ ծառ է դառնում, և՛ արտաքին՝ ինչպես թթխմորը, որ խմորում է ողջ զանգվածը։ Իսկ ինչ լինում է արդյունքում, օգտակար է դիմացինի համար. ծառը՝ թռչունների, խմորը՝ տանտիկնոջ։
Մանանեխի հատիկը որպեսզի աճի, պետք է հողի մեջ դրվի, իսկ թթխմորը՝ խմորի։ Այդպես էլ երկնքի արքայությունն է՝ այն աճում է մարդու մեջ՝ սրտում։ Երկնքի արքայությունը հավիտենականության ներքին վերապրումն է, որը արտաքնապես դրսևորվում է առաքինի գործերով և բարպաշտ կյանքով։
Երկնքի արքայությունը մեր մեջ է և ինչպես թթխմորը, այն փոխակերպում է մեր կյանքն այնպես, որ Աստծո կամքն է թագավորում, կամ ինչպես մանանեխի հատիկը, այն աճում է այնպես, որ կյանքը պտղաբեր է դառնում ոչ միայն մեզ համար, այլ նաև դիմացինի։
Տեր Եսայի քահանա Արթենյան