Կան խնդիրներ, որոնց մասին պարտավորվածություն ունենք բարձրաձայնելու․ Սվիտալսկի
Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօր հանդիպել է լրագրողներին եւ նշել, որ ինքը Հայաստանում ԿԸՀ-ի կազմը փոխելու մասին իր հայտարարությունն արել էր շատ սիրալիր և կառուցողական տրամադրությամբ և ոգով:
Հիշեցնենք, որ օրերս Սվիտալսկին հայտարարել էր, որ ԿԸՀ-ն պետք է դարձնել ավելի արժանահավատ, վստահություն վայելող կառույց՝ փոխելով կազմը:
«Կան խնդիրներ, որոնց մասին, որպես Եվրամիություն, ոչ միայն ունենք իրավունք, այլ նաև ունենք պարտավորվածություն և պատասխանատվություն խոսելու, բարձրաձայնելու, ինչն էլ մենք միշտ անում ենք, որովհետև մեր հայ գործընկերներն ընդունել են որոշակի պայմանավորվածություններ և պարտավորվածություններ մեր ներգրավվածության»,- ասել է նա:
Բանախոսը շեշտել է նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի կարեւորությունն ու ասել, որ այդ կապակցությամբ Հայաստանի և Եվրամիության միջև կնքվել են ֆինանսական համաձայնագրեր:
«Տեղյակ եք, որ Հայաստանի եւ Եվրամիության միջեւ ֆինանսավորման մասին համաձայնագիր է կնքվել: Երբ 2 կողմերի միջեւ համաձայնություններ կան հակակոռուպցիոն անկախ գործակալության ստեղծման վերաբերյալ, մենք, որպես պայմանագրի կողմ, ոչ միայն խոսելու իրավունք ունենք, այլեւ դա մեր պարտականությունն է»,- ասել է բանախոսը՝ նշելով, որ վերոնշյալ համաձայնագրերը թելադրող բնույթ չունեն, դրանք համաձայնեցվել են 2 կողմերի ինքնիշխան կամքով:
Նա նշել է նաեւ, որ Եվրամիությունն իր դրական գնահատականն է արտահայտում վերջերս ՀՀ ԱԺ կողմից ընդունված հակակոռուպցիոն օրենսդրական փաթեթի վերաբերյալ:
«Ես անձամբ շատ նվիրված եմ հարցին, որը վերաբերում է Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին: Մենք որպես Եվրամիություն, շատ տարբեր միջոցներով, մասնավորապես` ֆինանսավորման համաձայնագրերի շրջանակներում, իրական աջակցություն ենք տրամադրել և չենք կորցնում մեր հույսը, չենք կորցնում մեր լավատեսությունը` հեռանկարների հետ կապված», – ասել է Սվիտալսկին: