Հայաստանը բարձր է գնահատում ԵՄ-ի կողմից տարիներ շարունակ մեր երկրին տրամադրված օժանդակությունը
Հունիսի 19-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Լյուքսեմբուրգում մասնակցեց Եվրոպական միության և Արևելյան գործընկերության մասնակից երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որին ներկա էին և ելույթներ ունեցան ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, հարևանության և ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Յոհանես Հանը, ԵՄ և Արևելյան գործընկերության երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները:
Ելույթ ունենալով հանդիպմանը՝ Էդվարդ Նալբանդանն ընդգծեց. «Անկասկած, գալիք գագաթաժողովին ընդառաջ շոշափելի արդյունքների գրանցումը կնպաստի այս շրջանակներում ապագա արդյունավետ համագործակցությանը»։
Խոսելով Հայաստան – Եվրոպական միություն քաղաքական երկխոսության մասին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ վերջին երկու տարիները բավականին հագեցած էին. «Մենք ակտիվորեն աշխատել ենք Ռիգայի հռչակագրի դրույթների իրականացման ուղղությամբ և կարողացել կյանքի կոչել Հայաստանին վերաբերող գրեթե բոլոր փոխադարձ հանձնառությունները, մասնավորապես` միացումը COSME և Հորիզոն-2020 ծրագրերին, Ընդհանուր ավիացիոն գոտու մասին պայմանագրի, ինչպես նաև «Ստեղծագործ Եվրոպայի» շուրջ բանակցությունների մեկնարկը, որոնք մտադիր ենք շուտով ավարտին հասցնել:
Կան նաև որոշ առկախ հարցեր, որոնց ուղղությամբ ակնկալում ենք աշխատանքներ իրականացնել, ներառյալ մուտքի արտոնագրի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը:
Համեմատաբար կարճ ժամանակահատվածում մենք կարողացանք ավարտել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունները, ինչի մասին փետրվար ամսին Բրյուսելում հայտարարեցին նախագահներ Սարգսյանը և Տուսկը: Տեքստը նախաստորագրվել է, և ակնկալում ենք այն ստորագրել գալիք գագաթաժողովի ընթացքում:
Գրեթե զուգահեռաբար քննարկեցինք և համաձայնության եկանք 2017-2020թթ. Գործընկերության առաջնահերթությունների շուրջ: Այս երկու կարևոր փաստաթղթերը կառաջնորդեն Հայաստան-ԵՄ գործընկերությունն առաջիկա տարիներին և կօգնեն մեզ ամրապնդելու մեր փոխշահավետ համագործակցությունը»։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ Հայաստանը բարձր է գնահատում ԵՄ-ի կողմից տարիներ շարունակ մեր երկրին տրամադրված շարունակական օժանդակությունը, ներառյալ՝ Արևելյան գործընկերություն նախաձեռնության միջոցով՝ ուղղված Հայաստանում բարեփոխումների գործընթացի արդյունավետ իրականացմանը և մեր երկրում ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը:
Էդվարդ Նալբանդյանն իր խոսքում կարևորեց Հանձնաժողովի և Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության կողմից «20 արդյունք մինչև 2020» փաստաթղթի լրամշակված տարբերակի տրամադրումը, որով ոչ միայն առաջարկվում է գործողությունների լավ ծրագիր առաջիկա տարիների համար, այլև Արևելյան գործընկերության նոր՝ վերանայված կառուցվածք, ինչն անմիջականորեն կապված է այս բազմակողմ հարթակի շրջանակներում գործընկեր երկրների կատարողականի և ընդհանուր պարտավորությունները կյանքի կոչելու քաղաքական կամքի հետ: Նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ տարբերակման սկզբունքը բացառիկ հնարավորություն է ընձեռում այդ շրջանակներում զարգացնելու բազմաոլորտ և բազմաշերտ համագործակցություն՝ դրանով իսկ թույլ տալով պահպանել գործընկերության ամբողջականությունը: