Ավտովթար Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին. կա վիրավոր
Հունիսի 17-ին, ժամը 13:39-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին՝ Եղվարդ քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան շրջվել է, առկա է գազի արտահոսք, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 10-րդ կմ-ի մոտակայքում Mitsubishi Airtrek մակնիշի 34 MN 690 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Ս. Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, այնուհետև շրջվել, ինչի հետևանքով ուղևոր՝ 1991 թ. ծնված Լ. Չ.-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի առաջացել:
Փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը և հոսանքազրկել ավտոմեքենան։