Թալիշի վերականգնումը դարձել է պետության կարևոր ռազմաքաղաքական առաջադրանքներից մեկը. Բակո Սահակյան
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 17-ին այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ և ներկա գտնվել այնտեղ «Վերածնված Թալիշ» հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը:
Նախագահը երախտագիտություն է հայտնել նախաձեռնության հեղինակներին՝ նշելով, որ հուշարձանն ունի յուրահատուկ խորհուրդ և արտացոլում է մեր հաստատակամությունն ու նպատակասլացությունը այս բնակավայրի երբեմնի փառքը վերականգնելու, այն կրկին մարդաշատ և ծաղկուն դարձնելու գործում:
Իր խոսքում Բակո Սահակյանը շեշտել է, որ Թալիշի վերականգնումը դարձել է մեր պետության կարևոր ռազմաքաղաքական առաջադրանքներից մեկը, և այս ծրագիրն անպայման կյանքի է կոչվելու:
«Նման հուշարձանը նաև պատգամ է աշխարհին, որ հայի կամքն անկոտրում է, սեփական ուժերի նկատմամբ հավատքը՝ անսասան, լավատեսությունը՝ անսպառ: Բարբարոսությանը մենք պատասխանում ենք ապրելու, արարելու, կառուցելու ներուժով և մեր միասնականությամբ»,- ընդգծել է Բակո Սահակյանը։
Արարողության ընթացքում Նախագահ Սահակյանը պետական բարձր պարգևներ է հանձնել Սիսիանի ջոկատի մի խումբ ազատամարտիկների:
Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: