«Հարկավոր է դիմել կոպիտ գործողությունների»
Երեկ հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից ձեռնարկված նախահարձակ գործողության արդյունքում արձանագրված մահվան ելքով դեպքերից հետո, այսօր առավոտյան ադրբեջանական կողմը հյուսիսային ուղղությամբ դիմել է հերթական սադրանքի, որի հետևանքով ժամը 09.40-ի սահմաններում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Տիգրանի Գասպարյանը, տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Ըստ քաղաքագետ Գագիկ Համբարյանի՝ Ադրբեջանին կարելի է տալ մեկ որակում՝ ահաբեկչական պետություն:
«Ահաբեկչական պետության հետ հարկ է վարվել այնպես, ինչպես վարվում են բազմաթիվ երկրներ՝ իրենց երկրում կամ իրենց երկրի հարևան տարածքներում գործող ահաբեկչական կազմակերպություններին դաս տալու համար: Այստեղ հեծանիվ հայտնագործելու կարիք չկա», – նշեց քաղաքագետը՝ հիշեցնելով՝ այս հարցում մեր աչքի առաջ է Իսրայելի օրինակը. այս երկիրը Պաղեստինի տարածքում գործող ահաբեկչական կազմակերպությունների դեմ կիրառում է համապատասխան միջոցներ, որով պարտադրում է, որ այդ ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքար մղեն ոչ միայն հրեաները, այլև պաղեստինցիները:
«Հիմա մեր պարագայում միայն մի տարբերակ կա. հայկական կողմը պետք է մասսայական ռմբակոծություններ անի ադրբեջանական այսպես կոչված ՝ «խաղաղ բնակավայրերի» ուղղությամբ: Այսպիսի տարածքներում ադրբեջանական կողմը թաքցնում է իր զինտեխնիկան և այդ տարածքները զինտեխնիկաների կայանատեղի է դարձել: Հայկական կողմը պետք է մասսայական մեծ կորուստներ պատճառի ադրբեջանական կողմին և դրա արդյունքում Ադրբեջանի բնակչության այն հատվածին, որը բնակվում է Ադրբեջանի ու Արցախի սահմանային գոտում, հանի ադրբեջանական զինվորականության դեմ, որպեսզի հենց այդ ադրբեջանցի բնակիչներն էլ Ալիևից պահանջեն վերջ տալ զինադադարի խախտմանը և չվտանգել սահմանագծի շրջաններում բնակվող ադրբեջանցիների կյանքը: Միակ տարբերակը սա է: Ժամանակը ցույց է տալիս, որ Ալիևը քանի գնում է, այնքան լկտիանում է: Բոլորովին վերջերս ԵԱՀԿ ՄԽ-ն վերջապես հասցեական գնահատական էր հնչեցրել՝ մեղադրելով Ադրբեջանին, բայց դա էլ դաս չեղավ Ալիևին: Հիմա մեզ այլ ելք չի մնում. հարկավոր է դիմել կոպիտ գործողությունների», – եզրափակեց քաղաքագետը: