Հայաստանը կունենա քիմիական վտանգավոր նյութերի պահպանության պահեստային տարածք
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է «Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում և կայուն օրգանական աղտոտիչներով (ԿՕԱ) վարակված տեղանքների աղտազերծում` քիմիկատների անվտանգ կառավարման» ծրագրի ղեկավար խորհրդի արտահերթ նիստ։
Նիստը վարել է ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը։ Քննարկմանը ներկա են եղել ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, ՄԱԿ-ի Զարգացման գործակալության ծրագրի տնօրեն Գայանե Ղարաբեբակյանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիյասինը, Գյուղատնտեսության և Առողջապահության նախարարությունների ներկայացուցիչներ և փորձագետներ:
«Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում և ԿՕԱ-ով վարակված տեղանքների աղտազերծում` քիմիկատների անվտանգ կառավարման» ծրագրի նպատակն է ակտիվ սողանքային գոտում գտնվող Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցում թաղված ԿՕԱ-ների արտաբերումը, փաթեթավորումը և ոչնչացման համար տեղափոխումն անվտանգ, մեկուսացված վայր:
Այս նպատակով նախատեսվում է տրամադրել պահեստային շինություն, որը հնարավորություն կտա Հայաստանում ունենալ քիմիական վտանգավոր նյութերի պահպանության պահեստային տարածք` համապատասխանեցված բնապահպանական անվտանգության ապահովման ժամանակակից չափանիշներին: