Բավական ծանր է իրավիճակը. ճանապարհների պատճառով հյուրանոցը տուժում է
Հայաստանի մարզերում զբոսաշրջիկների համար հյուրանոցներ կան, սակայն հաճախ դրանք քչաթիվ հյուրերի համար են: «Տուրիստները գնում եմ, բայց շատ սահմանափակ է հյուրանոցային ռեսուրսը: Գորիսում կան հյուրանոցներ` չքնաղ, հայկական բայց չեն կարողանում ընդունել մեծ քանակի խմբեր»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի տուրօպերատորների ասոցիացիայի փոխնախագահ Մարինե Կպրյանը: Նա նշեց, որ օրինակ «Թուֆենկյան» հյուրանոցների ցանցի Լոռու մարզում գտնվող Ձորագետ հյուրանոցային համալիրը միակներից է, որ կլոր տարի կարողանում է ըդնունել մեծաքանակ հյուրերի, սակայն սա էլ հիմա խնդիրներ ունի:
Ասուլիսին ներկա Հյուրանոցների ասոցիացիայի նախագահ Հակոբ Հակոբյանն ասաց, որ քանի որ Լոռու մարզում դեպի Ալավերդի տանող ճանապարհը վերանորոգվում է դեռ նախորդ տարվանից, հյուրանոցը անկում է ունեցել 4-6 անգամ:
«Բավական ծանր է իրավիճակը, չգիտենք, թե երբ կավարտվի, բավական խնդիրներ ունենք հյուրանոց ջուր մատակարարելու հետ, շատ բարդ է մեր իրավիճակը, ջրագիծն է վնասված: Նաև մարդիկ չեն կարողանում տեղ հասնել»,-ցավով արձանագրեց նա: