Արցախում հյուրընկալել ենԱրա Բաբլոյանի պատվիրակությանը
Հունիսի 15-ին երկօրյա այցով Արցախ է ժամանել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը:
Հայաստանի խորհրդարանի նախագահին և նրա գլխավորած պատվիրակությանը «Մենք ենք, մեր սարերը» հուշակոթողի մոտ դիմավորել են Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, փոխնախագահ Վահրամ Բալայանը, խորհրդարանական մեծամասնության ղեկավար Արթուր Թովմասյանը և այլ պատասխանատուներ:
ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնն ստանձնելուց հետո, սա Արա Բաբլոյանի առաջին այցն է Արցախի Հանրապետություն:
Այցի ծրագրի առաջին հատվածում պատվիրակությունն ԱՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանի ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել արցախյան ազատամարտի նահատակների և Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին:
Այնուհետև, Ազգային ժողովում տեղի է ունեցել հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների նախագահների կարճատև առանձնազրույցը, ինչին հաջորդել է ԱԺ նիստերի մեծ դահլիճում ընդլայնված կազմով հանդիպումը՝ ԱՀ և ՀՀ ԱԺ-ի պատգամավորների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ:
Աշոտ Ղուլյանը, ողջունելով ՀՀ ԱԺ նախագահին ու պատվիրակության անդամներին, բարձր է գնահատել այս տարիների ընթացքում երկու խորհրդարանների միջև առկա փոխգործակցության մակարդակը.
«Անկախության առաջին իսկ տարիներից հայկական երկու հանրապետությունների միջև ձևավորվել են խորհրդարանական ամուր և գործնական կապեր, որոնք հետագայում հասցվել են ինստիտուցիոնալ հարաբերությունների մակարդակի և ամրագրվել երկու եղբայրական խորհրդարանների միջև համագործակցության համաձայնագրով»,- ընդգծել է Աշոտ Ղուլյանը:
«Ինձ համար ամենամեծ պաշտոնը կլինի Արցախի քաղաքացի կոչվելը», -այսպես է սկսել իր ելույթը ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Արցախի խորհրդարանականներին ուղղված ողջույնի խոսքում Արա Բաբլոյանը նկատել է, որ նախկինում բազմիցս այցելել է Արացախ, թե որպես Հայաստանի խորհրդարանի պատգամավոր և թե որպես բժիշկ:
Նա նույնպես բարձր է գնահատել Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հարաբերությունների մակարդակը և պատրաստակամություն հայտնել շարունակել ԱՀ միջազգային ճանաչման խորհրդարանական ջանքերը:
«Արցախը հայկական աշխարհի անբաժանելի մասն է, որի հետ կապված ենք արյամբ, հոգով ու սրտով, մշակույթով ու պատմությամբ: Վստահ եմ, որ Արցախի ժողովրդի ձգտումը ոչ ոք չի կարող կանգնեցնել»,-նշել է Արա Բաբլոյանը:
ՀՀ ԱԺ նախագահի այցի շրջանակներում նախատեսված է հանդիպում նաև ԱՀ բարձրագույն իշխանությունների հետ: Հունիսի 16-ին խորհրդարանների նախագահները կմասնակցեն միջկուսակցական ֆորումի բացման արարողությանը: