Փողային գզվռտոց Հաց բերողի շուրջ. Հրապարակ
Զարմանալի է Արթուր Սարգսյանի երկրպագուների, ֆանատների, հարազատների, նրան աջակցող ՀԿ-ների, նրա փառքին շուլալված անձանց, նրան պաշտպանողների ու աջակցողների գզվռտոցը նրա մահից հետո։ Նախ՝ Արթուր Սարգսյանի մայրը՝ տիկին Դոնարան, խմբագրություններով անցավ, եկավ նաև «Հրապարակ»։ Նա սիգարետը սիգարետի հետևից կպցնելով, պատմում էր, որ որդու հուղարկավորության հարցերով հանձնախումբն իրականում ոչինչ չի արել, մահվան ժամանակ եղել է դուդուկ ու մի մեքենա, որոնց համար վճարել են անհայտ անձինք, իսկ իրեն հուղարկավորությունից հետո թողել են քարին նստած։ Նրա մյուս որդին էլ՝ Արսենը, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հետևում էր դրամահավաքների ընթացքին։ Դրանցից մեկի կազմակերպիչ՝ ՖԲ օգտատեր Գայանե Ասլիբեկյանն էլ արդարացել էր, թե գումարը հավաքել է ու տվել Արթուրի քրոջը՝ Աստղիկին, որից ինքը ստացականներ ունի։ Այսպես, հերոսի մահը մանր փողային տհաճ «ռազբորկայի» վերածվեց։
«Իմ տղային վեր են ածել բիզնեսի»,- ասում էր Արթուրի մայրը։ Հուղարկավորության հանձնաժողովի անդամ ռեժիսոր Թամար Հովհաննիսյանն էլ, նրան հերքելով, իրեն թույլ տվեց խորանալ Արթուրի, նրա մոր և մյուս հարազատների ներընտանեկան հարաբերությունների մեջ, և եթե հոգին կենդանի է, ապա այն հաստատ այս հակադարձումների ընթացքում տանջվեց։
Արթուրի մարմինն էլ հոգու նման հանգիստ չունի։ Մարտի 23-ին նրան իր ձեռքով սարքած դագաղում հուղարկավորեցին Շահումյանի գերեզմանատանը, ոչ թե հասարակ փոսի մեջ, այլ յուրօրինակ ստորգետնյա դամբարանում։ Իսկ 1 ամիս առաջ Արթուրի մարմինը հանեցին այդ ժամանակավոր կացարանից ու հանձնեցին հողին։ Թվում էր՝ սրանով մարդիկ վերջապես կհանգստանան, բայց՝ ոչ։ Հիմա էլ մի նոր ալեկոծում է սկսվել։ Այս անգամ Արթուր Սարգսյանին պաշտպանում են նրա պաշտպաններից։
«Ազատություն և հայրենիք հիմնադրամ» կազմակերպությունը ներկայացնող Արուսյակ Հայրապետյանը բողոքել է Փաստաբանների պալատ, մեղադրելով նրա փաստաբաններին այն բանի համար, որ Բեխտերևի հիվանդությամբ տառապող Արթուր Սարգսյանը եղել է կալանավայրում, ինչը կառավարության որոշմամբ արգելված է։ Երկրորդ մեղադրանքն էլ այն է, որ ներպետական ատյանները չսպառելով, նրանք դիմել են ՄԻԵԴ։
Հետաքրքիր է, որ հենց սա ՀՀ կառավարության արգումենտն է լինելու ՄԻԵԴ-ում Սարգսյանի հարցով դիմումը քննության առնելու ժամանակ, և եթե ՀՀ փաստաբանների պալատն ընդունի այն, հետևապես պաշտպանելու է Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը։ Այսօր, հունիսի 15-ին, պալատը նիստ է նշանակել այս հարցով։ Ի դեպ, «Ազատություն և հայրենիք հիմնադրամը» նախկինում կոչվել է «Սասնա ծռեր», բայց «Սասնա ծռերի» հարազատները դուրս եկան այս կազմակերպությունից՝ պարտադրելով փոխել հիմնադրամի անվանումը։
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: