«Բարոյականության անվան տակ անբորայականությունը թաքցնելու հետ մենք չենք կարող հաշտվել».իրավապաշտպան
«Մարտի 28-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջաննների ընդհանուր իրավասության դատարան ենք դիմել հայցադիմումով: Մեր պահանջն է անհիմն հարստացման առարկա հանդիսացող դրամական միջոցները վերադարձնելը: Այս պարագայում խոսքը վերաբերվում է հունվարից գանձվող հազար դրամներին»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Սաքունցը հայտնեց, որ հայցադիմումը վարույթ է ընդունվել:
Սաքունցի խոսքով՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցներն ունեն բոլոր հիմնավորումները՝ ապացուցելու համար, որ «1000 դրամների» օրենքը ոչ միայն անհիմն է, այլև համարվում է ոտնձգություն քաղաքացիների սեփականության, մասնավորապես, աշխատավարձի նկատմամբ։
«Այս օրենքը հակասում է ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասին»,-ընդգծեց իրավապաշտպանը:
Ըստ նրա` պետությունը սահմանելով 1000 դրամ պարտադիր վճար, միաժամանակ չի պահպանում օրենքի նորմը, քանի որ համապատասխան օրենքով նախատեսված վճարի դեպքում քաղաքացու օգտին իրավական նշանակություն ունեցող գործողություն պետք է կատարվի, ինչն այս դեպքում չի արվում:
Սաքունցի խոսքով` առաջին նիստը նշանակվել է հուլիսի 12-ին ժամը 14:30-ին: Եթե վարչական դատարանը չբավարարի վերոնշյալ հայցադիմումը, ապա ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցները դիմելու են Սահմանադրական դատարան, նաև զուգահեռաբար Եվրոպական դատարան` սեփականության իրավունքի խախտման փաստի հիմքով:
«Բարոյականության անվան տակ անբորայականությունը թաքցնելու հետ մենք չենք կարող հաշտվել»,-ասել է Արթուր Սաքունցը: